Մշակույթ

Զագրեբում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության ժամանակ մոդելները բեմ են բարձրացել հայ դիզայների պատրաստած կախազարդերով

4 րոպեի ընթերցում

Զագրեբում  տեղի ունեցած նորաձևության ցուցադրության ժամանակ  մոդելները բեմ են բարձրացել հայ դիզայների պատրաստած կախազարդերով

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զագրեբում տեղի ունեցած նորաձևության SEVEROCCO ցուցադրության ժամանակ մոդելները բեմ են բարձրացել հայ դիզայների պատրաստած զարդերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորվաթ հայտնի դիզայներ Ռոբերտ Սևերի ROBERT SEVER նորաձևության կենտրոնի մոդելները ներկայացել են Ալինա Գիշյանի նռերի կախազարդերի շարքով:

78b5cfa0-ddcf-4bc0-bd1e-94cc514bd5e9.jpg (215 KB)

Ալինա Գիշյանը հայ խեցեգործ, թվային դիզայներ է, վեց տարի ապրում և աշխատում է Խորվաթիայում՝ ամուսնու հայրենիքում։ Նա 16 տարուց ավելի է՝ զբաղվում է խեցեգործությամբ, օգտագործում է երկու երկրների մշակութային ազդեցությունները՝ ստեղծելու ստեղծագործություններ, որոնք, ինչպես խորվաթական են, այնպես էլ հայկական: Ալինա Գիշյանի ընտանիքի բոլոր անդամները 1972 թվականից Հայաստանում զբաղվում են զարդանախշային խեցեգործությամբ։

Ալինան ունի կերամիկական ֆունկցիոնալ խեցեղենի իր յուրահատուկ ոճը: Նա ստեղծում է սննդի համար անվտանգ նյութերով պատրաստված, ֆունկցիոնալ, սիմվոլիզմի դետալներ կրող խեցեղեն։

«Քանի որ հավաքածուն բարոկոյի թեմատիկա ունի, որպես աքսեսուար օգտագործվել է խոր մշակութային խորհրդանիշ հանդիսացող նուռը՝ պտղաբերության, առատության և բարգավաճման խորհրդանիշը։ Որոշ մշակույթներում նուռը և՛ սեր, և՛ կիրք է խորհրդանշում: Ներառելով այս կախազարդերը՝ Ռոբերտ Սևերը նպատակ ունի ընդգծել այդ հարուստ մշակութային բովանդակությունը՝ խորություն և ռեզոնանս հաղորդելով հավաքածուին:

Նռան կերամիկական կախազարդերը վառ տեսողական հակադրություն են առաջարկում՝ համադրվելով բարոկո ոճի հետ։ Նրանց վառ գույնը և հստակ ձևը կարող են ծառայել որպես առանցքային կետեր՝ ավելացնելով զարմանքի և տեսողական հետաքրքրության տարր ընդհանուր տեսքին»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեց Ալինա Գիշյանը՝ տեղեկացնելով՝ նռան ընտրությունը պատահական չի ստացվել, առաջին անգամ Ռոբերտ Սևերը խորհրդանիշին հանդիպել է Հունաստանում, հետո արդեն Խորվաթիայում, երբ առիթ է եղել ծանոթանալու իր աշխատանքներին, խորացել է նռերի խորհրդանիշների մեջ ու առաջարկել է ցուցադրության համար որպես կախազարդ օգտագործել:

photo_2024-04-13_10-31-59.jpg (89 KB)

Ալինայի աշխատանքները պարբերաբար ցուցադրվում են միջազգայինցուցահանդեսներում և արվեստի սիմպոզիումներում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ԱՄԷ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ Խորվաթիայում ամեն տարի հանդես է գալիս անհատական ու խմբային ցուցադրություններով։ Նա նաև ավանդական արվեստի ու ժամանակակից տեխնոլոգիաների սինթեզ է կատարում՝ ստեղծելով յուրահատուկ թվային դիզայն Արհեստական բանականության միջոցով։ 2019 թվականին Ալինա Գիշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետի կոչմանը։

SEVEROCCO ցուցադրությանը ներկայացված էին դիզայներ Ռոբերտ Սևերի հիմնադրած համանուն ROBERT SEVER նորաձևության կենտրոնի գործերը: ROBERT SEVER-ն ավելի քան 22 տարի է՝ իր ուրույն տեղն է զբաղեցնում Խորվաթիայի նորաձևության ոլորտում։ Բրենդը թողարկել է 100-ից ավելի հագուստի հավաքածու, որը ցուցադրվել է թե անհատական ցուցադրությունների, թե նորաձևության շաբաթների շրջանակներում։

Բրենդը արժանացել է այնպիսի hեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են ամերիկյան Story ամսագրի մրցանակը՝ լավագույն դիզայներ անվանակարգում, խորվաթական Ana Lendvaj մրցանակը՝ "Jadranka(Յադրանկա)" հավաքածուի համար։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում