«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-ին մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:

Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։

Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։

Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Վալերիե Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։

Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։

Հայերեն العربية Español Русский

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր