ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։
«Ղազախստանի հետ հարաբերությունները իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից։ Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Խոսելով տնտեսական հարաբերություններից՝ չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին, և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային է և կարևոր»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ գործընկերոջը ներկայացրել է տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման Հայաստանի տեսլականը։
«Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- եզրափակեց Միրզոյանը։