Նրբաբլիթներ, ուրախ զվարճություն և մրցույթներ. սևանցի երեխաները տոնել են Մասլենիցան
1 րոպեի ընթերցում
![Նրբաբլիթներ, ուրախ զվարճություն և մրցույթներ. սևանցի երեխաները տոնել են Մասլենիցան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1132544.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զվարճալի խաղերով, ուրախ մրցույթներով, երգերով և պարերով՝ առանձնահատուկ ոգևորությամբ ու ուրախությամբ են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում դիմավորել Մասլենիցան։ Միջոցառումը կազմակերպել էր Հայ-ռուսական բարեկամության զարգացման կենտրոնը Երևանում Մոսկվայի տան և Հայաստանում Ռուսական տան հետ համատեղ՝ Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության աջակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանում Մոսկվայի տնից, տոնը նշելու համար մարզային դպրոցի ընտրությունը պատահական չի եղել. կազմակերպիչները փորձել են լավ տրամադրություն հաղորդել երկրի հեռավոր անկյունների փոքրիկ բնակիչներին։
Ըստ աղբյուրի՝ իրադարձություններով հագեցած ծրագրի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալ Ռուսաստանում և Հայաստանում Մասլենիցան և Բարեկենդանը նշելու ավանդույթներին՝ սովորելով շատ նոր բաներ, այլև ուրախ ու զվարճալի ժամանակ անցկացնել:
Նշվում է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձել նաև Մասլենիցայի ուտեստները։ Տոնի ավարտին բոլորին սպասել է ճոխ զարդարված սեղան՝ բազմազան ուտեստներով։