Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներառված էր Կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումների:

«Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իր իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմինների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային կազմակեր­պությունների հետ: Կենտրոնի կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ»,- ասված է հիմնավորման մեջ։

Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների (ծրագրային, ծրագրաապարատային և այլն) մշակումը:

«Կենտրոնը կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը»,- ասված է հիմնավորման մեջ։

Հայերեն العربية Español Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում