ՀՀ սահմանապահներն ունեն բավարար փորձ «Զվարթնոց»-ում հսկողություն իրականացնելու՝ առանց ՌԴ-ի աջակցության. վարչապետ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որ ծառայությունը բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հսկողություն իրականացնելու՝ առանց ռուսական կողմի աջակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։
«ՀՀ սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է նաև, որ ծառայությունն արդեն բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի՝ առանց ռուսական կողմի աջակցությամբ։ Սա է ողջ նամակի բովանդակությունը»,-եզրափակեց վարչապետը։