Հասարակական

Առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում անցկացնել միասնական ավարտական քննություններ

4 րոպեի ընթերցում

Առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում անցկացնել միասնական ավարտական քննություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվել է «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության եւ պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում, մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի, բժշկական բուհերի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնլյանն ասել է. «Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ»:

Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկմանը Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննություններին պետք է մասնակցեն բժշկական հաստատությունների բոլոր ուսանողները: Ակնկալվում է, որ միասնական ավարտական քննությունների արդյունքում տեսանելի կդառնա տարբեր բժշկական հաստատությունների կողմից մատուցված կրթության որակը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեռեւս 2 տարի առաջ է այս հարցը բարձրացվել, ընդգծվել հարցի արդիականությունն ու կարեւորությունը տարբեր տեսանկյուններից: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է անցկացնել միասնական քննություն` ամփոփիչ ատեստավորման եռափուլերից առնվազն մեկում: Այսինքն` մարդկային գործոնը բացառելու համար այդ եռափուլերից առնվազն մեկն անցկացվի միասնական կերպով` պետական վերահսկողությամբ: «Այդ նույն օրը բուհերի բոլոր շրջանավարտները քննությունը կհանձնեն նույն տարբերակով, որը կկազմվի նույն օրը` հանձնաժողովի ներկայությամբ»,- պարզաբանել է բուհի ներկայացուցիչը: Հարցը մանրամասն քննարկվել է բժշկական մյուս` ոչ պետական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել առաջարկին: Նախատեսվում է, որ միասնական քննության փուլը հաջողությամբ հաղթահարած անձինք կկարողանան այդ արդյունքով դիմել օրդինատուրա:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ հարցը դեռեւս 2021-2022 թվականներին է եղել նախարարության ուշադրության կենտրոնում, սակայն այն որոշ օբյեկտիվ պատճառներով ընդմիջվել է: Ողջունելի համարելով առաջարկը՝ Լուսինե Գրիգորյանը նշել է` կրթության որակի համար պատրաստ են շրջադարձային եւ հեղափոխական քայլ անել: «Ոչ թե դեմ ենք, այլ ուզում ենք դա արագացնել, եթե հնարավոր է»,- շեշտել է նա:

Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական կարծիքը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է` առաջարկվող փոփոխությունը նպատակ չունի կասկածի տակ դնելու բժշկական կրթություն տվող որեւէ բուհի կրթությունը: Պարզապես, ըստ նրա, պետությունը պետք է վերահսկի այն, քանի որ տալիս է պետական նմուշի դիպլոմ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում կրթություն են ստանում ոչ միայն տեղացի, այլեւ բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, որոնք ստացած գիտելիքներով վերադառնում են իրենց երկրներ:

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները: Նախատեսվում է, որ բժշկական կրթություն տվող հաստատությունների ուսանողների միասնական ավարտական քննությունը գործողության մեջ կդրվի 2024-2025 թվականների ուսումնական տարվա ավարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում