Տնտեսություն

Հայաստանում կա մի քանի միլիարդ դոլար, որը կարող է ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը. ֆինանսիստ

4 րոպեի ընթերցում

Հայաստանում կա մի քանի միլիարդ դոլար, որը կարող է ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը. ֆինանսիստ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կապիտալի պակաս չկա. առկա են մի քանի միլիարդ դոլարի միջոցներ, որոնք կարող են ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում կայացած «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» անդրանիկ ֆինանսա-ներդրումային համաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

«Հայաստանում կան մի քանի միլիարդ դոլարի միջոցներ, որոնք կարող են ուղղվել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Չեմ կարծում, որ Հայաստանում կա հստակ հաշվարկներ ունեցող և ներդրողներին վստահություն ներշնչող այնպիսի նախագիծ, որի իրականացումը պայմանավորված է կապիտալի պակասի խնդրով»,- նշեց ֆինանսիստը:

Իր խոսքերը Կարեն Զաքարյանը հիմնավորեց թվային տվյալներով. «Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամները 2 մլրդ դոլարից ավել ակտիվներ են կառավարում: Կան նաև սեփական կապիտալ ունեցող վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ, որոնք տնօրինում են այդ նպատակով հավաքագրված վճարները: Այդ ամենը պետք է գրագետ կառավարվի: Այդ գումարներն անգործ չեն մնում, ներդրումներ են կատարվում: Հայաստանում կան նաև հարուստ մարդիկ: Կարող եմ ցույց տալ, թե Հայաստանում որքան կապիտալ կա, որը կարող է ներգրավվել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը: Այն հասնում է մի քանի միլիարդ դոլարի: Նույն բանկային համակարգում միայն ավանդների և բոլոր տեսակի վարկերի տարբերությունը 2.6 մլրդ դոլար է: Բանկերը 14 մլրդ դոլարի ավանդ են ստացել և տրամադրել են 11.4 մլրդ դոլարի վարկ: Բանկային համակարգի սեփական կապիտալն էլ 3.6 մլրդ դոլար է, որը նույնպես պետք է ներդրվի: Բացի այդ, 2 մլրդ դոլարից ավել կենսաթոշակային խումբ ունեն, որոնք նույնպես ներդրվել են: Վստահ եմ, եթե լավ ներդրումային նախագիծ լինի՝ ֆինանսավորում կգտնվի»:

Այդ պարագայում, ինչպես նշեց բանախոսը, Հայաստանում խնդիրը հստակ մշակած գրագետ ներդրումային ծրագրերի բացակայությունն է:

Ըստ նրա՝ Հայաստանում շատ կարևոր է առաջավոր գիտելիքի ներդրումը և համապատասխան մշակույթի արմատավորումը: Այդ առումով Կարեն Զաքարյանը կարևորում է «Ֆրիդոմ բրոքեր Արմենիա» ընկերության գործունեությունը մեր երկրում:

«Նրանք կարևոր փորձ են կուտակել Ղազախստանում՝ էապես վերափոխելով և ակտիվացնելով տեղի շուկան: Դա հույս է ներշնչում, որ Հայաստանում իրենց փորձի ներդրումը թույլ կտա նմանապես աշխուժացնել մեր շուկան, ինչը հնարավոր կլինի, եթե կարողանանք զուգահեռաբար իրականացնել մի շարք փոփոխություններ, առանց որոնց բոլոր ջանքերը լինելու են պակաս արդյունավետ»,- գտնում է փորձագետը:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի ֆոնդային բորսան ստեղծել է տեխնոլոգիական հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ համակցել տարբեր հավելվածները ու ներդրումային շուկաներից պարտատոմսեր և բաժնետոմսեր ձեռք բերել:

«Ցավոք, դեռ սակագնային հարցեր կան: Երբ այդ խնդիրը լուծվի, կարծում եմ՝ խոշոր ներդրումային շատ ընկերություններ և բանկեր ավելի ակտիվ մարքեթինգային արշավ կսկսեն, որպեսզի իրենց հաճախորդներին ներկայացնեն Հայաստանում արդեն կիրառվող գործիքները»,- եզրափակեց Կարեն Զաքարյանը:

Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Freedom Broker Armenia ընկերության համատեղ կազմակերպած «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովում քննարկվել են ներդրումային շուկայի զարգացման կարևորագույն հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում