Հասարակական

Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ասոցիացիայի առաքելությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համատեքստում:

Գլխավոր դատախազն ընդգծել է Ասոցիացիայի կողմից կազմակերպվող տարեկան ու ընթացիկ համաժողովները և յուրաքանչյուր տարի հրապարակվող պարբերականը, որում ներառվում են նաև ՀՀ դատախազների հեղինակած գիտական հոդվածները:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան և գործադիր տնօրեն Ջեյն Հեբները բարձր են գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ առկա համագործակցության մակարդակը և կարևորել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում