Մշակույթ

Պատվախնդրության հարց է Կոմիտասի անվան քառյակում հայկական երաժշտությունը ներկայացնելը. կոլեկտիվը տոնում է 100-ամյակը

6 րոպեի ընթերցում

Պատվախնդրության հարց է Կոմիտասի անվան քառյակում հայկական երաժշտությունը ներկայացնելը. կոլեկտիվը տոնում է 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան ազգային քառյակի հոբելյանի առթիվ մարտի 5-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Կոմիտասի անվան քառյակ-100» ժամանակավոր ցուցադրությունը, որում ընդգրկված լուսանկարները պատմում էին կոլեկտիվի փառահեղ անցյալի մասին: Քառյակը, որոշելով տոն նվիրել երաժշտասերներին, միջոցառմանը կատարեց Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք մեկ դար հնչեցնում է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանն ընդգծում է՝ ցուցադրության մեջ ներկայացված նյութները մի փոքր հատվածն են այն հարյուրավոր նյութերի, որ պահվում են ֆոնդերում: «Պահոցներում կան լուսանկարներ, համերգային ծրագրեր, ազդագրեր, գրախոսականներ, հոդվածներ, հայտնի մարդկանց կարծիքներ, որ վկայում են կվարտետի բարձր պրոֆեսիոնալիզմի, հարուստ երկացանկի, բազմաթիվ երկրներում ունեցած համերգների, հաջողությունների մասին»,-շեշտում է նա:

OLD09199.jpg (568 KB)

Քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, նայելով ցուցահանդեսում ներկայացված իր լուսանկարին, որում անհամեմատ երիտասարդ է, խոստովանեց՝ ափսոսանքի զգացում ունի, բայց գիտակցում է, որ բժշկությունը դեռ չի հնարել որևէ բան, որ երկար ապրես և չծերանաս:

OLD09161.jpg (402 KB)

Թադևոսյանն ընդամենը 22 տարեկան է եղել, երբ եկել է քառյակ, իսկ այժմ 77 տարեկան է: Հիսունհինգ տարի քառյակի անբաժանելի մասն է:

OLD09164.jpg (296 KB)

Քառյակին միանալուն պես չի մտածել այն լքելու մասին: «Այնպիսի տարիներ էին, որ հեռանալու մասին ոչ ոք չէր մտածում: 1969 թվականին միացա, իսկ հեռանալու գործընթացը երկրում սկսվեց 1980-ականների վերջին: Մտածում էի, որ երկար եմ ղեկավարելու քառյակը, քանի որ այնպիսի մարդուց էի ստացել ջութակն ու այս տեղը, որ պարտավոր էր արդարացնել սպասումները: Երբ երկրորդ ջութակ էի, նշեցինք քառյակի 50-ամյակը: Հիմնադիր Ավետ Գաբրիելյանն ասաց՝ հույս ունի, որ վաթսուն և յոթանասունամյակները կնշեմ, հետո արդեն իմ գործն է: Մենք հասանք հարյուրին»,-շեշտում է Թադևոսյանը:

Կոմիտասի անվան ազգային քառյակը հայ երաժշտությունը տարածել է ինչպես խորհրդային երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր, կրթել, դաստիարակել, համախմբվածության օրինակ եղել:

OLD09238.jpg (439 KB)

Էդուարդ Թադևոսյանը 1970-1980-ականներն է համարում քառյակի ամենաբեղուն շրջանը: «Այդ ժամանակ Հայաստանում մշակույթի վերածնունդ էր: Զարգանում էին երաժշտությունը, պոեզիան, գրականությունը, նկարչությունը, երգարվեստը, նվագախմբերն էին ծաղկում ապրում: Մենք շատ համերգներ էինք ունենում, արտերկիր էինք մեկնում: Այն ժամանակ կար «Հայ համերգ»-ը, որ կազմակերպում էր Հայաստանի կոլեկտիվների արտասահմանյան ելույթները, իսկ Մոսկվայում կար «Գոսկոնցերտ» ընկերությունը, որն արտերկրից արտիստների էր բերում Խորհրդային Միություն, ինչպես նաև տեղի արվեստագետներին էր ներկայացնում դրսում: Հետո եկան դժվար ժամանակներ»,-ասում է երաժիշտն ու հավելում՝ ժամանակի ընթացքում քառյակը պահպանել է իր որակը և առաջնային համարել Հայաստանի բոլոր մարզերում հանդես գալը:

Քառյակի անդամները չեն ցանկացել էժանագին ծափեր քաղել՝ իջեցնելով իրենց մակարդակը, այլ հակառակը ձգտել են բարձրացնել ունկնդրի որակը: «Երբ փոքր էի, հայրս ինձ տանում էր համերգների, այնտեղ հանդիպում էինք ականավոր մարդկանց, ակադեմիկոսների, որ պատմում էին կոմպոզիտորների մասին, նրանց ապրած դարաշրջանների մասին: Երբ դպրոցն ավարտում էինք, պատրաստի ունկնդիրներ էինք: Հետո եկան ժամանակներ, երբ մարդիկ համերգների էին գնում, որովհետև դահլիճներում տաք էր: Պրոֆեսիոնալիզմը գնալով իջավ բոլոր ասպարեզներում, իսկ մենք միշտ աշխատել ենք որակը բարձր պահել, որովհետև պատասխանատվության և պատվախնդրության հարց է Կոմիտասի անունը կրող կոլեկտիվում ներկայացնել հայկական երաժշտարվեստը»,-շեշտում է քառյակի գեղարվեստական ղեկավարը:

OLD09247.jpg (592 KB)

Այժմ քառյակի կազմում են Էդուարդ Թադևոսյանը, Ալեքսանդր Կոսեմյանը, Սյուզի Երիցյանն ու Անժելա Սարգսյանը: Թադևոսյանը 55 տարի է քառյակում, Կոսեմյանը՝ 30 տարի, Երիցյանը՝ 15 տարի, իսկ Սարգսյանը՝ 10 տարի:

Թադևոսյանը հիշում է՝ երբ 22 տարեկանում միացել է քառյակին, Ավետ Գաբրիելյանը 70 տարեկանից ավելի է եղել: Հաշվի առնելով իր սեփական փորձը՝ մաեստրոն կարողանում է այնպես անել, որ սերունդների միջև բախում չլինի, և քառյակում մշտապես ներդաշնակություն տիրի:

Հոբելյանական տարվա ընթացքում Կոմիտասի անվան ազգային քառյակը նախատեսում է մի շարք համերգներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ապրիլին երևանյան համերգ է սպասվում, ապրիլի 24-ին հանդես են գալու Մոսկվայում՝ հայկական եկեղեցում, իսկ մայիսին նախատեսում են մի քանի համերգով ներկայանալ Վենետիկում, համերգներ կլինեն նաև Գերմանիայում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում