Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործարար կապերը երկու երկրների միջև

3 րոպեի ընթերցում

ԲԱՂԴԱԴ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Բաղդադում հանդիպման ընթացքում քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարությունների ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը»,- ասաց Խաչատուրյանը:

Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և Հայաստանի ու Իրաքի միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան:

«Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն՝ ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ակտիվ մասնակցությունը»,- մանրամասնեց ՀՀ նախագահը:

Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախագահներն ընդգծել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը:

«Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-ասաց ՀՀ նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։ ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։

Հայերեն العربية Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ