Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Կոստանյանը ընտրվել է Կայուն զարգացմանը նվիրված Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի փոխնախագահ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարար Կոստանյանը ընտրվել է Կայուն զարգացմանը նվիրված Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-21-ը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է ֆորումի փոխնախագահ։

«Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում և Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, դիմակայուն և նորարարարական լուծումների ապահովում» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայունության պայմաններում, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի Հանրապետության առջև գոյացած մարտահրավերներին՝ նախարարի տեղակալ Կոստանյանը կարևորել է Փարիզի համաձայնագրի լիակատար իրագործումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում արդյունավետ ֆինանսական մեխանիզմների կիրառումը՝ ի աջակցություն կլիմայի փոփոխության դեմ զարգացող երկրների պայքարին»,- ասվում է հաղորդագորւթյան մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նաև նախագահել է Ֆորումի՝ Ապագայի գագաթնաժողովին նվիրված նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք Ապագայի դաշնագրին։

Նշվում է, որ ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի, Երիտասարդության հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պոլիեի և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պոքսայ Խայխամֆիթունի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում