ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Մոսկվայում Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը մոնոներկայացում է բեմադրվել:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Մոսկվայում գործող Սերգեյ Փարաջանովի անունը կրող թատրոնի կողմից: Այն հանդիսատեսի դատին է ներկայացրել դերասանուհի Լուիզա Գաբբեն:
ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի բանակի կենտրոնական տան աջակցությամբ կայացած ներկայացմանը, որում արտացոլված էին Սերգեյ Փարաջանովի կյանքի բարդ ուղին և ստեղծագործական ընթացքը, ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՌԴ մշակույթի գործիչներ, տեղի հայ համայնքի անդամներ:
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուիզա Գաբբեն նշել է, որ մոնոներկայացումը Փարաջանովի ապրած տարիների և նրա անունը կրող թատրոնի ստեղծման պատմության համադրումն էր։
«Մեծ պատիվ ու պատասխանատվություն է վարպետի 100-ամյակի առթիվ այս ֆորմատով արվեստասեր հասարակությանը ներկայանալը։ Դա մեր երախտիքի յուրօրինակ արտահայտումն է նաև»,- նշել է դերասանուհին` ներկայացումը ոչ թե խաղ, այլ ապրում որակելով։
Նրա խոսքով` մեծ է պիեսը հայաստանաբնակ հանդիսատեսի համար բեմադրելու ցանկությունը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, բեմադրության հեղինակ Վլադիմիր Գաբբեն տեղեկացրեց, որ ներկայացմամբ թատրոնի կողմից տրվել է Փարաջանովի հարյուրամյակին նվիրված տարվա մշակութային միջոցառումների մեկնարկը, որոնք կամփոփվեն հոկտեմբերին՝ փառատոնի կազմակերպմամբ:
«Այսօր մեզ միավորել է մեծ կինոռեժիսորից ժառանգած բարձր արժեհամակարգը, և, եթե մեզ հաջողվել է մոտենալ այդ արժեհամակարգին, ուրեմն մենք կարողացել ենք կիսել այսօրվա խորհուրդը: Պատահական չէ, որ Սերգեյ Փարաջանովի հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասել է աշխարհի հիշարժան իրադարձությունների ցանկում: Հետևաբար, մենք ուղղակի պարտավոր ենք գնահատել, արժևորել և հպարտանալ մեծ հայի արվեստի ազատությամբ»,- ընդհանրացրել է մշակույթի վաստակավոր գործիչը: