Մշակույթ

Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի ժայռափոր դամբարան՝ Քասախի կիրճում. այն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի

3 րոպեի ընթերցում

Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի ժայռափոր դամբարան՝ Քասախի կիրճում. այն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհանավան գյուղի տարածքում՝ Քասախի կիրճում, հայտնաբերվել է ժայռափոր դամբարան, որն, ըստ մասնագետների նախնական գնահատման, վերագրվում է վաղ քրիստոնեական ժամակաշրջանին։ Այն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի:

«Արմենպրես»-իհետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշեց, որ դամբարանը հայտնաբերել է բնակիչներից մեկը իր սեփականությունը հանդիսացող տարածքում հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:

«Դամբարանը վաղ քրիստոնեական դարաշրջանի է, ինչը նշանակում է, որ այն մեծ մշակութային արժեք է: Մեր բոլորի, ինչպես նաև ոլորտի մասնագետների համար այն անգնահատելի արժեք ունի»,-ասաց նա:

Վանյանն ընդգծեց, որ առաջիկայում հնագիտական արշավախումբը կսկսի ուսումնասիրությունները:

«Առաջիկայում բազմաթիվ ուսումնասիրություններ կիրականացվեն, զուգահեռներ կտարվեն, կհամադրվեն պատմական սկզբնաղբյուրների հետ, որի արդյունքում կբացահայտվի դամբարանի իրական պատմական արժեքը»,-ասաց Հարություն Վանյանը:

Տարածքի առանձնացումը կարևորվում է նաև հայտնաբերված մի շարք հետաքրքիր նմուշներով:

«Հայտնաբերվել են ձիթաճրագներ, տարբեր կավե առարկաներ, որոնք բնակիչն արդեն հանձնել է համապատասխան կառույցներին: Դրանք կմաքրվեն, կուսումնասիրվեն և կհանձնվեն համապատասխան որևէ թանգարանի: Հույս ունենք, որ պեղումների արդյունքում հետաքրքիր նոր բացահայտումներ կլինեն»,- նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետն ընդգծեց, որ հայտնաբերված դամբարանի տարածքը սեփական է՝ ինչից ելնելով առաջին հերթին կկազմվի նոր հայտնաբերված հուշարձանի վկայագիրը։ Փորձագիտական հանձնաժողովում քննարկումներից հետո հուշարձանը կստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Տարածքի սեփականատիրոջ հետ առաջին փուլով կկնքվի համապատասխան պահպանման պարտավորագիր, որտեղ կամրագրվեն նրա պարտավորությունները, իսկ հաջորդ քայլերը կիրականացվեն արդեն ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով:

Լրագրող՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում