Սունդուկյանի անվան թատրոնը երաշխավորում է «Գոյ» թատրոնի գործունեությունը նոր միասնական կազմում
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գոյ» թատրոնը, որը համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի 701-Ն որոշման միացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին և 2024 թվականի հունվարի 30-ից ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվելուց հետո գործում է Սունդուկյան թատրոնի կազմում, շարունակում է դիմադրել այդ որոշմանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդգծեց՝ չնայած միավորմանը՝ «Գոյ» թատրոնի որոշ աշխատակիցներ ակնհայտ խոչընդոտում են պարզ գործընթացներին:
«Մենք ցանկանում ենք «Գոյ» թատրոնի աշխատակիցների աշխատավարձերը վճարել, սակայն և՛ հաշվապահը, և՛ կադրերի բաժնի աշխատակիցը մեզ չեն տրամադրում տվյալներ, որ հնարավոր լինի փոխանցում կատարել, չեն տրամադրում տվյալներ, որ աշխատակիցների հետ կապի մեջ լինենք և պատշաճ ծանուցումներ և այլ տեղեկատվություն փոխանցենք նրանց: Ստացվում է՝ խոչընդոտում են ընդհանուր գործընթացի մարդկային ու տրամաբանական շարունակությանը, ինչի համար ես շատ ցավում եմ, քանի որ «Գոյ»-ում տարբեր մարդիկ են, որոնք գուցե սպասում են իրենց աշխատավարձին»,-շեշտեց Մկրտչյանն ու հավելեց՝ մենք բազմիցս ասել ենք և կրկին վերահաստատում ենք, որ «Գոյ» թատրոնը պահպանելու է իր անունը, ինչը ամրագրված է թատրոնի կառուցվածքում, իսկ կանոնադրության մեջ ասվում է, որ Սունդուկյանի անվան թատրոնը հանդիսանում է «Գոյ»-ի իրավահաջորդը:
Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը հավաստիացնում է՝ իրենք չեն պատրաստվում միջամտել «Գոյ» թատրոնի խաղացանկի ձևավորմանը, չեն խոչընդոտելու ստեղծագործական ազատությանը:
«Նրանք հնարավորություն են ունենալու օգտվել Սունդուկյան թատրոնի տարբեր հարթակներից, միջազգային կապերից, կարող են օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք ունեն Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակիցները: Մենք հայտարարել ենք, որ ստանձնում ենք պատասխանատվություն ամեն ինչ ավելի լավը դարձնելու։ Մեզ վրա ենք վերցնում պարտավորություններ թե՛ ներկայացումների քանակի, թե՛ հանդիսատեսի քանակի և այլ գործընթացների վերաբերյալ»,-շեշտեց նա:
Մկրտչյանի խոսքով՝ «Գոյ» թատրոնի անդամները մինչ օրս բանակցություններ են վարել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ, և նախարարությունը մշտապես տարբեր առաջարկներով է հանդես եկել, փորձել բավարարել «Գոյ»-ի պահանջները, ցանկությունները, սակայն «Գոյ» թատրոնի կողմից որևէ ընդառաջ քայլ չի եղել:
«Մինչ օրս մենք ամենատարբեր պայմաններին համաձայնվել ենք, մեզ առաջարկված ամեն դրույթ ընդունել ենք, քանի որ միավորումը ՀՀ կառավարության որոշումն է: Փաստացի մերժում կա հենց «Գոյ»-ի կողմից»,-ասաց Մկրտչյանը:
Սունդուկյանի անվան թատրոնը «Գոյ»-ի նախկին հաշվապահին և կադրերի բաժնի աշխատակցին ուղարկել է համապատասխան գրություններ և ակնկալում է, որ նրանք կտրամադրեն համապատասխան փաստաթղթերը:
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նրանք փաստաթղթերը հանձնեն, և մենք փոխանցումները անենք: Ես շահագրգռված եմ, որ նրանք իրենց հունվար ամսվա աշխատավարձը ստանան, այնինչ մեկ անձ ասում է, որ իրենց դա հարկավոր չէ: Փորձում են մեզ վատ դրության մեջ դնել, բայց միշտ էլ ելքեր կան: Թե՛ նախարարությունը, թե՛ Սունդուկյանի անվան թատրոնը բազմիցս արտահայտել են իրենց բարի կամքը և դիմացինից մինչ օրս ամեն կերպ գործընթացը վիժեցնելուց բացի այլ բան չեն տեսել»,-եզրափակեց Վարդան Մկրտչյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
«Գոյ» թատրոնի աշխատակիցները դեմ են նման որոշման կայացմանը և տեղեկացնում են, որ առաջիկայում մամուլի ասուլիսի միջոցով կբարձրաձայնեն իրենց առարկությունները: