Քաղաքականություն

Անվտանգային ոլորտում ՀՀ-ի հարաբերությունների դիվերսիֆիկացումը չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Անվտանգային ոլորտում ՀՀ-ի հարաբերությունների դիվերսիֆիկացումը չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հայտարարել է, որ կդիվերսիֆիկացնի անվտանգային ոլորտում իր հարաբերությունները, ինչը չի նշանակում, որ պատրաստվում է Ռուսաստանի հետ խզել հարաբերություններն այդ ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն՝ ընդհանարապես, և անվտանգության ոլորտում՝ մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում»,- պարզաբանել է վարչապետը՝ նշելով, որ անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացումը նշանակում է, որ անվտանգության ոլորտում ՀՀ-ն պատրաստվում է, պատրաստ է, քննարկում ու աշխատում է հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության , Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի հետ, ինչն արդեն մեծ հաշվով իրողություն է: Քննարկումներ են ընթանում էլի բազմաթիվ երկրների հետ։

«Նույն Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները, բնականաբար, ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին՝ նա նշել է, որ դրա հետ կապված օրակարգ Հայաստանը չունի:

«Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն»,- պարզաբանել է Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ն առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ է, և ինքը վստահ չէ, որ մեծ հաշվով կամ, ավելի ճիշտ, Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես, երկարաժամկետ կտրվածքով:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում հակամարտության խնդրին, ապա վարչապետը հիշեցրել է հարցազրույցներից մեկում արած իր այն հայտարարությունը, որ Ուկրաինայի հարցում ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցը չէ և դա իրողություն է:

«Բայց նաև ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»,-ավելացրել է ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում