Հասարակական

Մատենադարանի ժառանգությունը թվայնացնելու գործում կատարվեց ևս մեկ կարևոր քայլ

7 րոպեի ընթերցում

Մատենադարանի ժառանգությունը թվայնացնելու գործում կատարվեց ևս մեկ կարևոր քայլ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի թանգարանում տեղի ունեցավ բարերար Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այդ առթիվ նշեց, որ հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնում շարունակվում է կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման և արդիականացման գործընթացը։

«Մասնավորապես թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման սարք, որը մեր իրականության մեջ, գոնե թանգարանային հատվածում, աննախադեպ է, և միայն պեղումների ու հնագիտական արժեքների ոլորտում է գերմանացի մասնագետների աջակցությամբ կիրառվել տվյալ սարքը։ Մենք ստացանք բացառիկ հնարավորություն՝ ի վերջո մեր ձեռագիր մատյանների արծաթե և այլ բաղադրություն ունեցող կազմերի վերաբերյալ ունենալ խորքային ուսումնասիրության հնարավորություն՝ ստեղծելով կազմերին առնչվող տվյալների բացառիկ շտեմարան։ Դա կարևոր է ոչ միայն գործնական-կիրառական, այլև ռազմավարական տեսակետից, քանի որ մասնավոր հատվածի հետ մեր համագործակցությունը լավատեսության, դրական տրամադրությունների աղբյուր է։ Մատենադարանը յուրաքանչյուր հայի համար սրբավայր է, գերակա արժեք, հետևաբար յուրաքանչյուրի ներդրումն ու բարեգործական քայլը գտնում է հանրային լայն արձագանք»,- նշեց Խզմալյանը։

Նրա հավաստմամբ՝ մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի սքանավորման արդյունքները կնպաստեն նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Քանի որ միջոցառմանը ներկա էին նաև գործընկեր թանգարանների ղեկավարները, Խզմալյանն ընդգծեց, որ սարքը ծառայելու է ոչ միայն Մատենադարանին, այլև, ըստ անհրաժեշտության, հայաստանյան թանգարաններում պահվող տարբեր նմուշների սքանավորման գործին։

Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանն անդրադարձավ հայ տպագրության ոլորտում միջնադարյան ժամանակահատվածի և ավելի վաղ շրջանի ձեռագիր գրքերի կազմարարական աշխատանքներին, դրանց կազմման մեթոդաբանությանն ու եղանակներին։ Մալխասյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող մեծարժեք այն գրքերի նախնական շարքը, որոնց կազմերը շուտով կենթարկվեն 3D ձևաչափով սքանավորման, և հավելեց, որ այդ գործընթացի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։

Մատենադարանի տնօրենի խորհրդական, նորագույն տեխնոլոգիաների և թվայնացման բաժնի վարիչ Գուրգեն Գասպարյանն էլ անդրադարձավ հաստատության թվային ռազմավարությանը և սարքի կիրառելիության հեռանկարներին։ Գասպարյանը տեղեկացրեց, որ բուն թվայնացման աշխատանքներն իրենց մոտ սկսվել են 2008 թվականից, և առ այսօր բաժինն արդեն հագեցված է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն տվեցին թվայնացում իրականացնել չորս ուղղություններով։

Արդեն իսկ նկարվել է 3 միլիոն 700 հազար թվային պատկեր։ Թվայնացվել են նաև արխիվային վավերագրերը (մոտ 160 հազար միավոր)։ Միկրոֆիլմերի թվայնացումը նույնպես կարևոր ուղղություններից է։ Շտեմարանը ձևավորվել է տարիների ընթացքում, որն անչափ օգտակար է գիտնականներին։ Վերջին տարիներին համագործակցելով Համբուրգի համալսարանի հետ՝ Մատենադարանն իրականացնում է կրկնագիր ձեռագրերի թվայնացում։ Սքանավորման սարքի միջոցով կստացվեն մաքուր պատկերներ, որոնք հետազոտողներին հնարավորություն կտան նոր խնդիրներ ու թեմաներ առաջադրել։ Եռաչափ սքանավորման դեպքում կազմերի բոլոր նրբությունները հստակ երևակվում են և ստացված պատկերները կարող են ուսումնասիրվել բազմակողմանիորեն։ Սքանավորումից հետո ստացված տվյալներն ընդգրկվելու են ընդհանուր բազայում և որոնման համակարգում, ստեղծվելու են ֆայլեր, որոնք պահվելու են համապատասխան սերվերներում։ Ցանկացած թվայնացված ձեռագիր կամ կազմ այլևս դուրս չի գալու պահոցից, ուսումնասիրողը կարող է ուսումնասիրել դրա թվային պատկերը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև բարերար Վահե Բադալյանը։

«Եռաչափ սքանավորման տեխնոլոգիան ոչ միայն թույլ կտա ընդլայնել հայկական թվային գրադարանը, այլև պահպանել ու հասանելի դարձնել մեր հնագույն ձեռագրերն ինչպես ապագա սերունդներին, այնպես էլ միջազգային գիտական հանրությանը։ Մատենադարանի գանձերն ուսումնասիրելով են մարդիկ բացահայտելու և ընկալելու Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության բնօրրան։ Այս սարքի շնորհիվ մենք իսկապես աննախադեպ հնարավորություն են ստեղծում թանգարանային առարկաների սքանավորման և ուսումնասիրման համար։ Այս միջոցառումը խորհրդանշում է մեր մշակութային ժառանգությունը պահպանելու բոլորիս աննկուն հանձնառությունը»,- ասաց Բադալյանը։

Վերջում Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրինությունը նպատակադրվել է առաջիկա երկու տարիների ընթացքում ունենալ վերականգնման որակապես այլ լաբորատորիաներ՝ արդիականացված նոր սարքավորումներով, ունենալ որակապես այլ թվային տեխնոլոգիաներ։ Պետական աջակցությամբ ընթացիկ տարում Մատենադարանը ձեռք կբերի արծաթակազմ ձեռագրերի ռենտգեն ապարատ, որը կգա համալրելու սքանավորման սարքի միջոցով ձեռք բերված տվյալները, ինչը հնարավորություն կտա նույնիսկ միկրոմակարդակում ամրագրել կազմերի վնասվածքները, շեղումները։

Խզմալյանի պնդմամբ՝ Մատենադարանը չի կարող լինել միայն իր պահոցներում առկա ձեռագրերի պատասխանատուն, հետևաբար նրանից դուրս գտնվող աշխարհասփյուռ ձեռագրերը նույնպես պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Մատենադարանի պատվիրակությունը օրեր առաջ վերադարձել է Իրանից, իսկ մոտ ապագայում մեկնելու է Լիբանան՝ հանդիպելու խոշոր ձեռագրապահոցների ղեկավարների հետ՝ ևս մեկ անգամ քննելու օրախնդիր հարցեր։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում