ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս երկրների միջև կարող է տեղի ունենալ սպառազինության առք ու վաճառքի ցանկացած գործարք, բայց որպեսզի հստակություն մտցվի կոնկրետ Ադրբեջանին թուրքական կողմից C-400 հակահրթիռային կայանք փոխանցելու հարցում՝ պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև վերոհիշյալ համակարգի գնման առումով, այսինքն՝ կա՞ իրավական հիմք՝ ինչ-որ վճարի, փոխհատուցման կամ այլ պայմանավորվածության համաձայն այն երրորդ կողմին փոխանցելու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանն՝ անդրադառնալով թուրքական և ադրբեջանական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ Թուրքիան կարող է ռուսական C -400 հակահրթիռային կայանքը փոխանցել Ադրբեջանին:
«Իսկ ինչ վերաբերում է այդ կայանքի գնման հետ կապված ամերիկյան կողմի տարաձայնություններին և այդ առթիվ F-35 կործանիչներ թուրքական կողմին մատակարարելու խնդրին, պետք է նշել, որ ֆորմալ առումով ԱՄՆ-ն հասկացնում է Թուրքիային, որ եթե նա մի ռազմաքաղաքական բլոկում է, ապա չի կարող համագործակցել հակոտնյա բլոկի հետ բարձր տեխնոլոգիական և ռազմական նշանակության սպառազինության գնումներ կատարելու առումով։ C -400 հակահրթիռային կայանքը, մանևրելու տեսանկյունից, իհարկե, ունի գաղտնի տեղեկատվություն որսալու և ռադիոֆիզիկական տվյալներ փոխանցելու հնարավորություն, սակայն այստեղ հարցն ավելի շատ քաղաքական է, քանի որ թուրքական կողմի առջև դրվել է պայման՝ կամ նա համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, կամ, հակառակ դեպքում, նրա հետ չեն համագործակցի այն ծավալով, ինչ ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ»,- ասաց Ներսիսյանը։
Նա շեշտեց, որ դա պարզ երևում է Հունաստանի հետ կնքված գործարքից, քանի որ ամերիկյան կողմն այդ երկրին արդեն իսկ փոխանցել է վերջին մոդիֆիկացիայի F-35 կործանիչների խմբաքանակ, մինչդեռ Թուրքիայի պարագայում այդ դասի ինքնաթիռների վաճառքի գործարք դեռ չի կայացել։
Անդրադառնալով այն հարցին, թե Մոսկվան կհամաձայնի, որ Թուրքիան C-400 կայանքներ փոխանցի Ադրբեջանին՝ Ներսիսյանն ընդգծեց, որ սպառազինությունների վաճառքի հարցում Ռուսաստանը, սովորաբար, սկզբունքայնություն չի դրսևորում։
«Մոսկվան կարող է նույն զենք-զինատեսակները վաճառել ինչպես ռազմավարական դաշնակիցներին, այնպես էլ նրանց հակառակորդներին։ Ավելին՝ դաշնակցին կարող է ավելի հին մոդիֆիկացիաներ վաճառել, իսկ նրա հակառակորդին՝ ավելի արդիական։ Հարցն այն է, թե կոնկրետ C-400-ի հետ կապված ինչ գործարք է կնքվել թուրքական կողմի հետ և ինչ հնարավորություններ է նախատեսում այդ գործարքը՝ գնված սպառազինությունը երրորդ կողմին փոխանցելու առումով։ Ռուսաստանը ցանկացած բան կարող է վաճառել, եթե վճարվի դրա համարժեք գինը։ Այստեղ Արևմուտքի սկզբունքայնությունը չկա։ Օրինակ՝ անհնար է պատկերացնել, որ Ֆրանսիան համապատասխան զինատեսակներ վաճառի իր դաշնակցի հակառակորդ Իրանին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահին վերջերս ուղղված առաջարկին՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ կնքել համատեղ պայմանագիր, Ներսիսյանն ասաց, որ Ալիևն արդեն իսկ ունի դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի, և ռազմավարական փոխգործակցության պայմանագիր է կնքել նաև Ռուսաստանի հետ։
«Ադրբեջանն ունի նաև այլ երկրների հետ դիվերսիֆիկացված զենք-ռազմամթերքի մատակարարման համաձայնագրեր։ Բալանսի տեսանկյունից՝ Ալիևն այն վիճակում է, որ հայկական կողմի առաջարկը կարող է անտեսել, ինչն էլ անում է ակնհայտորեն»,- եզրափակեց ռազմական վերլուծաբանը։
Վերջերս Էրդողանն Իզմիրում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի տարածաշրջանային ամրապնդմանը խոչընդոտողներ կան: «Միլլիյեթ» պարբերականն իր հերթին փոխանցեց CNN-Turk հեռուստաալիքի և Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Նուլանդի հարցազրույցից մի էական հատված: Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը մտադիր չէ՞ Թուրքիային ներգրավել F-35-ի ծրագրում, փոխպետքարտուղարն ասել էր, որ Վաշինգտոնն ի սկզբանե Անկարայի հետ քննարկել է ռուսական C- 400 կայանքի հարցը, և եթե ռուսական կողմի հետ առաջընթաց արձանագրվի, ապա ԱՄՆ-ն կարող է վերանայել Թուրքիայի հանդեպ իր որոշումը:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն զգուշավորություն ունի, որ ռուսական ՀՕՊ կայանքը կարող է ամերիկյան գերժամանակակից օդուժի գաղտնիքներ որսալ, հետևաբար, ամերիկյան կողմը Թուրքիային F-35 կործանիչներ չի վաճառում, քանի դեռ կարգավորված չէ ռուսական C -400 հակահրթիռային համակարգի հարցը:
Տարաձայնությունը նոր չէ, ավելի վաղ թուրքական և ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան կարող է այդ համակարգը փոխանցել Ադրբեջանին:
Մանվել Մարգարյան