Տնտեսություն

Հայաստանից ոսկու ձուլակտորների արտահանման համար կգործի պետական տուրք

2 րոպեի ընթերցում

Հայաստանից ոսկու ձուլակտորների արտահանման համար կգործի պետական տուրք

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել պետական տուրք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,-ասաց Քերոբյանը:

Արտահանման տուրքը նախատեսվում է սահմանել դրանց շուկայական արժեքի 0.8-1 տոկոսի սահմաններում: Նախարարը հավելեց, որ Պետական տուրքի մասին օրենքով կա ֆիքսված գին, օրինակ՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամն է, ինչը մոտ 1 տոկոսն է:

«Վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել: Եվ կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել»,-նշեց Քերոբյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում ձուլակտորներ ձուլվո՞ւմ են, և քանի՞ ընկերություն է ձուլակտորների արտահանմամբ զբաղվում:

Նախարարը պատասխանեց, որ Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում: Ոսկու հանքերը արտահանում են անմշակ ոսկի: «Դա բանկային ստանդարտի վերջնական ոսկու ձուլակտոր Հայաստանում չի դառնում դեռևս: Բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Եվ հավանական է, որ այդ առումով կունենանք նորություններ»,-ասաց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է ընկերությունների թվին, ապա Հայաստանում մոտ 10 ընկերություն է զբաղվում ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: «Եթե կա հնարավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որ Հայաստանում գործող ընկերությունները կարողանան միջազգային առևտրով զբաղվել, ապա մենք այդ հնարավորությունը չենք փակում: Բայց միաժամանակ այս նախագծով պատշաճ կերպով հարկում ենք»,-նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում