Քաղաքականություն

ՌԴ-ում կարծում են, որ ՆԱՏՕ-ի հետ մերձենալիս Հայաստանը պետք է հաշվի առնի իր երկարաժամկետ շահերը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կարծում են, որ ՆԱՏՕ-ի հետ մերձենալիս Հայաստանը պետք է հաշվի առնի իր երկարաժամկետ շահերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման գնալիս Հայաստանը պետք է առաջնորդվի երկարաժամկետ շահերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը։

Մարիա Զախարովային խնդրել են մեկնաբանել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն միտքը, որ Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։

«Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է մերձեցում, ապա պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կհանգեցնի: Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի մերձեցումը շատ երկրների համար՝ հակամարտություններում ներգրավվածություն, ինքնիշխանության և անկախության կորուստ, ուրիշի պլանավորումներին կամքի ենթարկեցում՝ բառի բոլոր իմաստներով և բոլոր ոլորտներում, և ամենակարևորը՝ սեփական ազգային շահերն իրացնելու հնարավորության բացակայություն», - ասել է Զախարովան։

Պաշտոնյան նշել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, պետք է վերլուծեն իրենց ազգային շահերը, բացեն քարտեզը և տեսնեն, թե «ո՛ր տարածաշրջանում և ինչ հարևանների միջև» են գտնվում։

Զախարովան նշել է, որ ինքնիշխան երկրները կարող են սեփական որոշումներ կայացնել, թե ում հետ են ցանկանում մերձենալ, սակայն պետք է հաշվի առնել՝ արդյոք դա ենթադրում է տարածաշրջանի երկրների, հարևանների հետ հարաբերությունների խզում։

«Հարկավոր է այս ամենը վերլուծել և հասկանալ, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, որն է ձեռնտու, որն է կարճաժամկետ օգուտ բերում, որը՝ միջնաժամկետ, որը՝ երկարաժամկետ, և հիմնվել սրա վրա, ոչ թե խոստումների», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի համոզմամբ՝ «արևմուտքում բոլորին խոստանում են» ինչ-որ բաներ, սակայն այդ խոստումները «երբեք չեն իրագործվում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում