Պաշտոնական

Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի մի զարմանալի և ուսանելի օրինակ է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

2 րոպեի ընթերցում

Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի մի զարմանալի և ուսանելի օրինակ է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Հարգելի՛ վարպետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առիթով: Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու:

Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է, որ պատկառանք է հարուցում: Ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետությունում Ձեզ այսքան շատ սիրում: Որովհետև Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները, ցավերն ու բերկրանքը, հիասթափություններն ու երազանքները: Ձեր ստեղծած երաժշտությունը հայաստանցիներն իրենցն են համարում, իրենցն են համարում նաև Ձեզ, և սա ստեղծագործողի, մտավորականի, քաղաքացու այն գերադրական գնահատականն է, որ հնարավոր է ունենալ:

Ինձ համար անմոռանալի են Ձեր պատմություններն Արթիկում ապրած Ձեր մանկական տարիների մասին: Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը, համապարփակ ծրագիր ներդնել այնտեղ, որ դրանում Ձեր անվանն արժանի կրթամշակութային միջավայր ձևավորվի և զարգանա:

Սիրելի՛ վարպետ,

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել: Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում