Տնտեսություն

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը․ Ղարիբաշվիլի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը․ Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել է Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ Վրաստանի վարչապետը հայտնել է, որ նիստին քննարկվել են տարբեր ուղղություններով երկու երկրների համագործակցության հետ առնչվող հարցեր։

«Մենք ունեցանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրային հարաբերություններին։ Պետք է նշել, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են՝ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը։ Հայաստանը Վրաստանի համար առևտրային երրորդ գործընկերն է և երկրորդ ներդրումային երկիրը, ինչը մեզ համար ողջունելի է։ Անցած տարի Հայաստանից գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել, ինչը մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ երկու երկրները ոչ միայն հարևաններ են, այլ պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ և ընկերներ են։

«Երկու երկրների կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները»,- նշել է Վրաստանի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում