Հասարակական

ԵՊՀ-ն մի շարք այլ երկրների համալսարանների հետ մագիստրոսական ծրագիր է մշակում

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն մի շարք այլ երկրների համալսարանների հետ մագիստրոսական ծրագիր է մշակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կայացավ «Եվրոպագիտություն. իրավունք, կառավարում և հաղորդակցություն» մագիստրոսական համատեղ ծրագրի մշակում» (DEGES) նախագծի ամփոփումը։ Նախագծի իրականացումը նպաստելու է կրթական ծրագրի արդիականացմանն ու միջազգայնացմանը, միջազգային ուսանողների ինտեգրման ու ներառման համակարգերի մշակմանը, մասնակից համալսարանների կարողությունների զարգացմանը և դրանց ընդգրկմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ «Erasmus Mundus Design Measures» գործիքի կիրառմամբ:

««DEGES»-ն իրականացվում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ու Վիլնյուսի, Վիձեմեի կիրառական գիտությունների, Թբիլիսիի պետական և Լյուբլյանայի համալսարանների համագործակցությամբ: Այսինքն, նախապայմաններից մեկն էր, որ պարտադիր պետք է մասնակցեն 2-3 եվրոպական բուհեր: Մենք ունենք 3 եվրոպական բուհ և 2 տարածաշրջանային»,- ասաց DEGES ծրագրի ղեկավար Քրիստինե Գևորգյանը:

Նա նշեց, որ ծրագիրն իրականացնելու ճանապարհը բարդ է, քանի որ այն իրագործելու համար նախ անհրաժեշտ է հաշվի առնել մասնակից երկրների պահանջները, ազգային օրենսդրությունը և այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ծրագրի մշակման ընթացքում:

«Ուսանողը հնարավորություն կունենա սկսել իր ուսումը կամ այստեղ, կամ Վիլնյուսի համալսարանից և շարունակել կրթությունը այլ համալսարաններում, արդյունքում կարող է ստանալ 1, 2 կամ ավել դիպլոմներ, որն էլ այս ծրագրի առավելությունն է»,- մանրամասնեց ծրագրի ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ երկրորդ փուլը հաղթահարելուց հետո ֆինանսավորում կստանան և կկարողանան ընդունելություն սկսել 100 ուսանողի շրջանակներում, որից 60-ն էլ կրթաթոշակ կստանա:

Ծրագրի նպատակն է ստեղծել միջառարկայական համատեղ մագիստրոսական նոր ծրագիր, որը կհամապատասխանի նմանատիպ ծրագրերի որակի ապահովման եվրոպական ընդունված չափանիշներին և ապագայում կանցնի ծրագրային հավատարմագրում:

15 ամիսների ընթացքում մշակվել են կրթական ծրագրի միասնական ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերը, ինչպես նաև միասնական ընդունելության, գնահատման, կրեդիտների և աստիճանների փոխճանաչման, որակի ապահովման, ֆինանսական կառավարման և այլ ոլորտները կարգավորող ընթացակարգեր և փաստաթղթեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում