Տնտեսություն

Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է նշեմ նաև, որ քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնություն, որ «չոր նավահանգիստը», որն, ըստ էության, համընկնում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցին, ներդրվի հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի ընդհանուր ծրագրի մեջ և արդեն ներկայանա որպես դրա բաղադրիչներից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ այս տարի արդեն իսկ առարկայական քայլեր կձեռնարկվեն «չոր նավահանգստի» գործարկման ուղղությամբ: «Արդեն շրջանառության մեջ ենք դրել ճանապարհային քարտեզը, որն, ի դեպ, կազմում է տեխնիկա-տնտեսական վերլուծության մաս: Զուգահեռաբար արդեն տանում ենք տարբեր աշխատանքներ՝ գործարքի համար խորհրդատվական ընկերություն ներգրավելու, մրցութային փաթեթ կազմելու և արդեն կոնկրետ ներդրումային ընկերություններ ներգրավելու ուղղությամբ»,- հայտնեց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում