Հասարակական

Ի՞նչ ծրագրեր են գործում գյուղական բնակավայրերում ուսուցիչների պակասը լրացնելու համար․ մանրամասնում է փոխնախարարը

5 րոպեի ընթերցում

Ի՞նչ ծրագրեր են գործում գյուղական բնակավայրերում ուսուցիչների պակասը լրացնելու համար․ մանրամասնում է փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղական բնակավայրերում որոշ մանկավարժների պակասը լրացնելու համար Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ավելացնելով, որ որոշ առարկաների ուսուցիչների պակաս նկատվում է հիմնականում փոքր գյուղական բնակավայրերի դպրոցներում։

«Ունենք գործուղված ուսուցիչների ծրագիրը, որով ուսուցչին լրացուցիչ արտոնություններ ենք տալիս, որպեսզի տեղափոխվի այդ բնակավայր և դասավանդի տվյալ առարկան։ Մենք ունենք նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն․ օրինակ՝ «Դասավանդիր, Հայաստան»-ն ունի այդպիսի մի ծրագիր, որով դպրոցներ ուսուցիչներ է գործուղում և մեզ հետ սերտորեն համագործակցում է, որպեսզի հենց այն բնակավայրեր գործուղի, որտեղ ուսուցչի կարիքը կա»,-ներկայացրեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ գործում է նաև մենթոր դպրոցների ծրագիրը, ըստ որի, եթե դպրոցը չունի որևէ առարկայի ուսուցիչ, ապա դիմում է ծրագրին և մենթոր դպրոցի ուսուցիչը հեռավար ձևաչափով երեխաների հետ անցկացնում է դասեր։

Ըստ փոխնախարարի՝ սկզբում մտավախություններ կային այդ դասերի որակի ու երեխաների մասնակցության հետ կապված, բայց արձանագրվել են շատ լավ արդյունքներ։

«Իհարկե, բնականաբար, հեռավար դասավանդումը չի կարող փոխարինել առկա դասավանդմանը և պիտի ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք մեր դպրոցներում ունենալ բոլոր ուսուցիչներին, այնուամենայնիվ, առնվազն ապահովում ենք, որ երեխան տվյալ առարկան բաց չթողնի, գոնե հեռավար ուսուցման միջոցով կարողանա ուսումնասիրել առարկան մինչև այլ ծրագրերով, գործընթացներով կկարողանանք դպրոցի համար ուսուցիչ ապահովել»,-հավելեց Սվաջյանը։

Մանկավարժների թափուր հաստիքների համալրմանն է ուղղված նաև դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։

Ըստ այդմ՝ եթե նախկինում փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցները ֆինանսավորման հետ կապված խնդիր էին ունենում, ֆինանսավորվում էին պայմանավորված նրանց թվով ու ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված խնդիր էին ունենում, ապա նոր կարգի համաձայն՝ ֆինանսավորումը հիմնված է դասարանների թվի վրա։

«Բոլորս հասկանում ենք, որ անկախ նրանից՝ դասարանում սովորում է 3, 5, թե 25 աշակերտ, միևնույնն է, ուսուցիչը պիտի մտնի և տվյալ առարկան պարապի։ Հիմա դասարանների վրա հիմնված ֆինանսավորումը հնարավորություն է տալիս հատկապես փոքր դպրոցներին նմանատիպ հարցերում ֆինանսական խնդիրներ չունենալ»,-պարզաբանեց փոխնախարարը։

Ընթացիկ ուսումնական տարվա սկզբից ներդրվել է նաև մեկ այլ ծրագիր, որով մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում, եթե ուսուցիչներն օբյեկտիվ պատճառներով չունեն մեկ դրույք ծանրաբեռնվածություն, ապա նրանց դրույքաչափը կլորացվում է մինչև մեկ դրույք, բայց ոչ ավել, քան կես դրույքով։

Ուսուցիչների բացը լրացնելուն, երիտասարդներին դեպի այս մասնագիտությունը բերելուն ուղղված ծրագրերի շրջանակում վերանայվել է բուհերում բնագիտական առարկաներով մանկավարժական կրթություն իրականացնող կրթական ծրագրերի կրթաթոշակային քաղաքականությունը։

Արդյունքում այս ուսումնական տարում ընդունված սովորողները 70 հազար դրամ կրթաթոշակ ստանալու հնարավորություն են ստացել։

«Սա մի ծրագիր է, որով պետությունը ցույց է տալիս, որ մենք այս առարկաների դասավանդող ուսուցիչների կարիքն ունենք և երիտասարդներին հետաքրքրում, շահագրգռում ենք դեպի ոլորտ։ Բայց, բնականաբար սա միայն բավարար չէ․կարևոր է նաև՝ մարդը վստահ լինի, որ այդ ոլորտում աշխատելով, ինքը կարող է արժանապատիվ աշխատավարձ, մասնագիտական զարգացման հնարավորություններ ունենալ»,-ասաց Սվաջյանը՝ նշելով, որ դրան են ուղղված ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու խրախուսմանն ուղղված ծրագրերը։

Մասնավորապես՝բնագիտական, ճարտարագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար ընթացիկ ուսումնական տարվանից գործում է 25 տոկոս հավելավճարի ծրագիրը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այդ շարքին դասեց նաև ուսուցիչների տարակարգի, կամավոր ատեստավորման ծրագրերը, որոնք նրանց հնարավորություն են տալիս թե՛ մասնագիտական զարգացում ապահովել, թե՛ դրա արդյունքում աշխատավարձի բարձրացում ունենալ։

«Կարծում ենք, որ այս բոլոր ծրագրերը փոխկապակցվելով իրար հետ, կկարողանանք ստեղծել մի դաշտ, որով կապահովվի ուսուցչի աշխատանքի ավելի հետաքրքրական դառնալը հասարակության և հատկապես երիտասարդների համար, որոնք, գուցե, զբաղվեն ուսուցչությամբ»,-եզրափակեց Սվաջյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում