Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար 

3 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ըստ աղբյուրի՝ Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-ից 33-րդ կմ-ը (բուք) փակ են կցորդիչով բեռնատարների համար:

«Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Մարտունի, Գավառ քաղաքներում, Գորայքի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում