ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանը սատարում է Երևանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը Հայաստանում։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին։
«Ինչ վերաբերվում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հունաստանը սատարում է Երևանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության տեղակայմանը։
Հունաստանը աշխատելու է ամրացնել ինստիտուցիոնալ երկխոսությունը մեր փորձագիտական հմտությունների մակարդակում՝ լինելով Եվրամիության ամենահին անդամ պետություններից մեկը»,- ասաց Գերապետրիտիսը։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ջերմ հյուրընկալության համար։
«Մեծ ուրախություն է և բացառիկ պատիվ՝ որպես արտաքին գործերի նախարար առաջին անգամ Երևանում լինելը, ինչով հաստատում ենք երկկողմ հարաբերությունների հրաշալի մակարդակը և մեր պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտացնելու մեր հարաբերությունները։ Այո, Հունաստանը և Հայաստանը ամուր պատմական կապեր ունեն, բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք կառուցվել են դարեր շարունակ։ Ինչպես նաև կանոնավոր հաղորդակցություն և համագործակցություն ունեմ իմ լավ բարեկամի և գործընկերոջ հետ»,- ընդգծեց Գերապետրիտիսը։