Հասարակական

Սփյուռքի գիտնականները կարող են ուղիղ ներգրավվել «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման գործընթացում․ վարչապետ

4 րոպեի ընթերցում

Սփյուռքի գիտնականները կարող են ուղիղ ներգրավվել «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման գործընթացում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց սփյուռքի գիտնականներին «Ակադեմիական քաղաք» նախագծում ներգրավվելու և ծրագրի նպատակների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով սփյուռքահայ գիտնականի հարցի, թե ի՞նչ աջակցություն կարող են օտարերկրացիները ակնկալել կառավարությունից «Ակադեմիական քաղաք»-ում ժամանակակից գիտական լաբորատոր տարածք և սարքեր ձեռքբերելու հարցում, Փաշինյանը պատասխանեց, որ «Ակադեմիական քաղաք»-ի շուրջ շատ էական և բովանդակային աշխատանքներ են կատարվում, որին կարող են սփյուռքահայ գիտնականները մասնակցել։

«Երևանի 17-րդ թաղամասի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման հատվածում է ստեղծվելու «Ակադեմիական քաղաք»-ը։ Այս պահին այնտեղ բացի նախագծումից այլ բան տեղի չի ունենում, որովհետև ամայի տարածք է, և մենք հիմա նախագծման աշխատանքներ ենք իրականացնում։ Հաջորդ փուլով արդեն շինարարական աշխատանքներ կիրականացվեն։ Բայց, իհարկե, «Ակադեմիական քաղաք»-ի շուրջ շատ էական և բովանդակային աշխատանքներ են կատարվում, որոնց կարող եք մասնակցել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց, թե սփյուռքի գիտնականները «Ակադեմիական քաղաք» նախագծի իրագործման որ հատվածում կարող են ներգրավվել։

«Միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտական կյանքը մեր առանցքային նպատակն է այն ըմբռնմամբ, որ գիտակրթական կյանք ենք ուզում այնտեղ ունենալ, և ի՞նչ ենք մտածել դրա համար։ Մտածել ենք, որ «Ակադեմիական քաղաք»-ում պետք է լինեն բոլոր բուհերը՝ մինչև 8 պետական բուհ։ Եվ այդ բոլոր բուհերը պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեի կողմից։ Այսինքն՝ պետությունը պետք է ամբողջությամբ ֆինանսավորի բուհերը։ Ներկայումս պետական բյուջեն ամբողջությամբ չի ֆինանսավորում բուհերը՝ ուսման վարձերը և այլն, և այլն։ Իհարկե, ապագա մոդելում վճարովի համակարգերը չեն բացառվի, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների այն մասի համար, որոնք պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, ուսումը, կրթությունը կլինի անվճար այն իմաստով, որ նրանք ուսման վարձ չեն վճարի։

Հաջորդ նրբությունը հետևյալն է, որ մենք նկատում ենք, որ ժամանակի ընթացքում շատ դեպքերում բուհերը և գիտահետազոտական կենտրոնները կտրվել են իրարից, և բարձրագույն կրթության հետազոտական կոմպոնենտը շատ հաճախ դուրս է մնացել, ինչը բերում է հետևյալ էֆֆեկտների․ առաջինը կրթության որակի և գրավչության վրա է բացասական ազդում, որովհետև ուսանողները տեսնում են, որ բուհում ստացած գիտելիքները ավարտելուց հետո իրենք գործնականորեն չեն կարողանում կիրառել իրական կյանքում աշխատանք գտնելու և իրենց բարեկեցությունը կառուցելու համար, բնականաբար, բուհական կրթության գրավչությունն ընկնում է։ Եվ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ խնդրում է, կոչ է անում կամ հանձնարարում է բուհերին և գիտահետազոտական կենտրոններին սկսել քննարկում բուհական 8 կլաստերների ձևավորման վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բուհերը և գիտահետազոտական կենտրոնները միասին քննարկեն, թե որ բուհերը և գիտահետազոտական կենտրոնները իրար հետ կարող են միավորվել և միավորված ձևով գործունեություն ծավալել «Ակադեմիական քաղաք»-ում։

Ահա այս գործընթացի մեջ է, որ սփյուռքի գիտնականները կարող են ներգրավված լինել։ Դուք կարող եք այս կառուցման գործընթացի մեջ շատ ուղիղ ներգրավվել հենց այսօրվանից՝ ներկայացնելով ձեր գաղափարները և նախագծերը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ արձագանքներ է ստացել սփյուռքահայ գիտնականներից և դասախոսներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում