Հասարակական

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դժգոհություններին

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ դժգոհություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից ելնելով՝ ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին:

Նա նշեց, որ իրենք բոլոր դասագրքերի վերաբերյալ հավաքագրում են տեղեկատվություն, և բոլոր հեղինակները հանձնարարական էին ստացել հավաքագրված տեղեկատվության համաձայն պատրաստել ներդիրներ, որպեսզի անհրաժեշտ խմբագրական որոշակի շտկումներն իրականացվեն:

«Իսկ «Հայոց պատմություն» դասագիրքը բոլորովին այլ ընթացակարգով է գնում, քանի որ այն թե՛ ակադեմիական շրջանակի, և թե՛ հանրության շրջանում բավականին մեծ արձագանք ունեցավ, որի առիթով մենք մի շարք հանդիպումներ ենք նախաձեռնել, լսել ենք տարբեր մարդկանց կարծիքներ: Այդ բոլոր հանդիպումներին հրավիրել ենք նաև դասագրքի հեղինակին և ստեղծող կազմակերպությանը:

Եվ մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ու բոլոր կարծիքները, դիտողություններն և դիտարկումները հանձնվել են դասագրքի հեղինակին, ով ամփոփաթերթի տեսքով նախարարություն կներկայացնի, թե յուրաքանչյուր դիտարկման կամ դիտողության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ շտկումներ է իրականացնելու, ինչի՞ հետ է համաձայն, և ինչի՞ հետ ոչ: Ամփոփաթերթի պատրաստ լինելուց հետո մենք, իհարկե, կկիսենք դա բոլոր այն մարդկանց հետ, որոնք այդ կարծիքները և դիտողությունները ներկայացրել էին»,- ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանն ընդգծեց, որ ամփոփաթերթը այնուհետև կուղարկեն գաղտնի և անկախ փորձաքննության, որպեսզի հասկանան թե հեղինակի կողմից ընդունված կամ չընդունված դիտողությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ դասագրքի հետագա կիրառման վրա:

«Գործընթացը այժմ ընթանում է, դասագրքի հեղինակը աշխատում է առաջարկների և դիտողությունների վրա, և, երբ մենք կունենանք վերջնական պատասխանը, հաջորդող բոլոր գործողություններն իրականացնելուց հետո այդ մասին կիրազեկենք»,- եզրափակեց Սվաջյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում