Հասարակական

ՀՀ-ի հետ համատեղ հայտարարությամբ՝ ՌԴ-ն ընդունում է իրենց հեռուստաալիքների կողմից խախտումների փաստը․ ԲՏԱ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ի հետ համատեղ հայտարարությամբ՝ ՌԴ-ն ընդունում է իրենց հեռուստաալիքների կողմից խախտումների փաստը․ ԲՏԱ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև բանակցությունների ընթացքում ռուսական կողմին է ներկայացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հեռահաղորդակցության մասին համաձայնագրի 5-րդ կետի խախտումների առկայության փաստը, որոնք արձանագրել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը` մեկնաբանելով ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության այն հայտարարությունը, որ Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։

«Բանակցությունների ընթացքում ռուսական կողմին է ներկայացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հեռահաղորդակցության մասին համաձայնագրի 5-րդ կետի խախտումների առկայության փաստը, որոնք արձանագրել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել խախտումն արձանագրող հաղորդումների վերաբերյալ բովանդակային քննարկում անցկացնել: Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որով, ըստ էության, ռուսական կողմն ընդունում է խախտումների առկայության փաստը, ինչը քննարկումների այս փուլում մենք համարել ենք բավարար:

Ռուսական կողմը պարտավորվել է պահպանել համաձայնագրի բոլոր կետերի կատարումը, ինչը ենթադրում է, որ նման հաղորդումներ այլևս եթեր չեն հեռարձակվի»,- նշել է Պողոսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայկական կողմն իր ուշադրության կենտրոնում է պահում խնդրի կարգավորման և համաձայնագրի կետերի պատշաճ կատարման հարցը, ինչպես նաև կհետևի ռուսական կողմի արձագանքներին։

Ավելի վաղ, ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ հայկական կողմը հայտարարել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին։

ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հաղորդագրության մեջ ասված էր, որ ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները կոնկրետ։ Միևնուն ժամանակ նշվել է, որ այդ փաստերի կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերների կողմից չի ներկայացվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում