ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում՝ կարևոր է. Կանադայի դեսպան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ: Կարևորելով Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին դեսպան՝ Էնդրյու Թըրներն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել ինչպես մասնագիտական կրթության ու ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ակադեմիական քաղաքի նախագծին՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է նոր ենթակառուցվածքի ստեղծում՝ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների համար արդիական միջավայր ապահովելու նպատակով։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ առանձնացնելով հատկապես կինոարտադրության ուղղությունը: Նախարարը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնք համատեղ ծրագրերի համար արդյունավետ պայմաններ են ստեղծում:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանի պատվիրակները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացնում են Հայաստանի՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերն ընդունելու հայտը:

«Ֆրանկոֆոնիայի խաղերի միջոցով հանրահռչակվում են ֆրանկոֆոն երկրների արժեքները ժողովրդավարության ու խաղաղության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ բարդ ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և օժանդակության համար:

ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ Կանադան աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և կարևորում միջմշակութային երկխոսությունը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգին՝ շեշտելով, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել հայկական մշակութային ժառանգության ներկա իրավիճակը։ Նախարարն ասել է, որ 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց պաշտպանության խնդիրն առավել սրվել է սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո:

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում՝ կարևոր է, և կանադական կողմն այս առումով պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսանողների կրթության իրավունքի իրացմանը, ուսուցիչների աջակցության և վերապատրաստման ծրագրերին։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն ქართული Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում