Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորությանը և այն սկզբունքներին, որոնց շրջանակում դա պետք է տեղի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։

«Հնչող հիմնական հարցն այն է, թե որքանով է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ինչ սկզբունքների շրջանակում այն պետք է տեղի ունենա: Հիմնական սկզբունքները երեքն են. առաջին՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պետք է տեղի ունենան երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Երկրորդ սկզբունքի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կիլոմետր: Երրորդ սկաբունքն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա: Դա մի փաստաթուղթ է, որով արձանագրվեց երկու իրողություն. առաջին՝ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի, և երկրորդ՝ վերոհիշյալ հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները անկախություն են ստանում ԽՍՀՄ-ի վարչական սահմաններով, հետևաբար վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների և պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այդ սահմանների հիման վրա: Վերոհիշյալ երեք սկզբունքները ամրագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով, մասնավորապես մայիսի 14-ին և հուլիսի 15-ին ԵՄ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով»,- մանրամասնել է վարչապետը:

Նա շեշտել է՝ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ պայմանավորվածություններից և սկզբունքներից, ապա մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական:

«Հայաստանը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություսններին: Հիմնական հարցը, որ ծագում է, այն է, թե ինչքանով է հավանական, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի: Կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, ոորոնք կարող են ավելի դրական պատկերացում ստղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և մեկ զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել են Հայաստանին: Չէի ցանկանա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Español Русский

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել