Հասարակական

ԶՈՒ-ն պետք է կառուցված լինի ու գործի իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

3 րոպեի ընթերցում

ԶՈՒ-ն պետք է կառուցված լինի ու գործի իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում բացման խոսքով է հանդես եկել Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կազմակերպված՝ զինված ուժերում վատ վերաբերմունքի դեմ պայքարի և կանանց ներգրավումը զինված ուժերում թեմաներով քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ միջոցառումը նախաձեռնել են Եվրոպայի խորհուրդն ու Պաշտպանության նախարարությունը։ Բացման խոսքով հանդես են եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում անհնար է ունենալ բնականոն հասարակական հարաբերություններ, եթե դրանք կառուցված չեն իրավունքահեն մոտեցումների, հավասարության և արժանապատվության գաղափարների վրա։

«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։ Ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքահեն արժեքների վրա։ Հակառակ պարագայում անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր, իսկ այդպիսի միջավայրի բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ հակաիրավական և բացասական երևույթների։ Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Միևնույն ժամանակ, Պաշտպանը խոսել է զինված ուժերում առկա խնդիրների մասին, նշել, որ դրանք պետք է ստանան համակարգային լուծումներ` ընդգծելով այդ գործընթացում մարդու իրավունքների գերակայության երաշխավորման կարևորությունը։

Միջոցառման շրջանակում Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված փորձագետ Լիլիան Ապոստոլը ներկայացրել է քննարկվող թեմաների առնչությամբ միջազգային չափանիշները, ԵԽ երկրների լավագույն փորձը, քաղված դասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի օրինակները։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում