Մշակույթ

Երկարատև  դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է

2 րոպեի ընթերցում

Երկարատև  դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է

ԳՅՈՒՄՐԻ,10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ երեսուն տարվա դադարից հետո Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկու գործողությամբ ողբերգության առաջանախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին։ Բեմադրությունը` Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Բեմում թատրոնի արհեստավարժ դերասանների կողքին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։

«Վերջին տարիներին հիմնականում երիտասարդները բեմադրում էին ժամանակակից հեղինակների։ Վերլուծելով՝ հասկացանք, որ թատրոնը մի բացթողում ունի՝ իր խաղացանկում չունի պատմական գործեր, և որոշեցինք անդրադառնալ Լևոն Շանթի այս գործին, որը, կարծում եմ, այժմեական է։ Մեծ ներկայացում է, ու ինձ համար շատ պարտավորեցնող՝ գործ ունենք հայ դասական հեղինակի հետ։ Շատերը կարծում են, որ Շանթի այս գործը վրեժի մասին է՝ ո՛չ, մեզ մոտ դա սիմվոլ է՝ ապրելու ու արարելու»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով՝ Շանթի այս գործը նոր շեշտադրումներով, նոր ձևավորմամբ ու նոր մոտեցմամբ է ներկայանում հանդիսատեսին։

«Ռեժիսորն իր ամբողջ ներուժն օգտագործել է, որ 21-րդ դարին համահանչ լինի։ Գեղագիտական ճաշակով արված ներկայացում է՝ համեմված Շանթի լեզվով ու մտածողությամբ։ Շուրջ հարյուր տարի առաջ գրված այս գործը արդիական է՝ դրանով էլ այն դասական է։ Մեր օրերի մարդիկ, դիտելով, հաստատ իրենց հետ մտածելու բան կտանեն»,-ներկայացնելով գործը՝ նշեց Քեսունի իշխանի դերակատար, ՀՀ վաստավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում