Տնտեսություն

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության կողմից ներդրումներն ավելացել են ավելի քան 6 անգամ. Քերոբյան

4 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարության կողմից ներդրումներն ավելացել են ավելի քան 6 անգամ. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 4 տարիներին ՀՀ կառավարության և Էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի 2023 թվականի ձեռքբերումների ամփոփմանն ու գալիք տարվա անելիքների ներկայացման առթիվ դեկտեմբերի 8-ին կազմակերպված երեկոյի բացման խոսքում:

«Եթե 2020 թվականին զբոսաշրջության ոլորտին հատկացվել և իրացվել է 2 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին նախատեսվում են 13,2 մլրդ դրամի ներդրումներ»,-մանրամասնել է գերատեսչության ղեկավարը՝ավելացնելով, որ իրապես մեծացել են ներդրումները ներքին զբոսաշրջության մեջ, որի զարգացման ուղղությամբ ջանքերը շարունակական են:

Նախարարի խոսքով՝ Ազգային ժողովում արդեն ներկայացվել է «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որը խոշոր բարեփոխում է՝ ուղղված ոլորտի զարգացմանը:

«Փորձում ենք կարգավորել ծառայությունների մատուցման որակը մակարդակը, ձևը և պաշտպանել զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին ու սպառողներին: Էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության կոմիտեն նախապատրաստական մեծ աշխատանք են կատարել, որպեսզի հաջորդ տարվանից մենք էապես մեծացնենք մեր ներդրումները զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հարցում»,- հայտնեց Քերոբյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ հաջորդ տարվա կեսերին Համաշխարհային բանկի հետ կստորագրվի 150 միլիոն դոլարի վարկային ծրագիր, որն ուղղվելու է 20 զբոսաշրջային կլաստերների զարգացմանը:

Նախարարի կարծիքով՝ այն նոր ներդրումների մեծ ալիք կբերի այդ զբոսաշրջային կլաստերներ, որոնցից առաջինը կլինի Արենին, որի տնտեսական ուսումնասիրությունն արվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործընկերների հետ:

Քերոբյանը հայտնեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության (USAID) հետ արդեն կնքվել է 24,5 մլն դոլարի շրջանակային համաձայնագիր, որի շրջանակներում տրամադրվող գումարներն ուղղվելու են մի քանի ոլորտների, այդ թվում՝ նաև զբոսաշրջության զարգացմանը:

«Անցած տարվանից աշխատում է մեր նոր բրենդինգը, որը բավականին հաջող ներկայացնում է Հայաստանը տարբեր շուկաներում: Դիվերսիֆիկացվել են նաև ներգնա զբոսաշրջային ուղղությունները, և այդ առումով ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, արաբական շուկաներում, Մեծ Բրիտանիայում և այլուր։ Պատրաստվում ենք այդ ուղղությամբ մեր ջանքերն ավելի մեծացնել»,-ներկայացրել է նա՝ հայտնելով, որ հաջորդ տարի Գլոբալ գինու տուրիզմի 8-րդ կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել Հայաստանում:

Էկոնոմիկայի նախարարը մեծ ռեկորդ համարեց 2023 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, որ կազմում է 2,2 միլիոն:

Ըստ նրա՝ Հայաստանը 2019 թվականի համեմատությամբ աշխարհում 6-րդն է այս ցուցանիշի աճով և ակնկալիք կա, որ այն կմեծանա հաջորդ տարիներին:

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ թիմին, միջազգային դոնոր գործընկերներին, մասնավոր և հասարակական հատվածի գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նման ցուցանիշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում