Վերլուծություն

Ինչու է անհրաժեշտ դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

11 րոպեի ընթերցում

Ինչու է անհրաժեշտ դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիներին միջազգայնագետների, փորձագետների և քաղաքական գործիչների կողմից թերևս ամենաշատ քննարկվող թեման հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգի աստիճանական կերպափոխումն է: Կարծիքները տարբեր են թե՜ կերպափոխման ընթացքի, թե՜ ժամկետների և թե՜ նոր ձևավորվող աշխարհակարգի հիմնական տարրերի մասին: Մի հարցում, սակայն, գրեթե բոլորի տեսակետները համընկնում են. միաբևեռ աշխարհն աստիճանաբար անցնում է պատմության գիրկը, և մինչ նոր աշխարհակարգի վերջնական ձևավորումը, առաջիկա տասնամյակը բնորոշվելու է անկայունությամբ, հակամարտությունների աճով, տնտեսական ցնցումներով: Կլիմայի փոփոխությունը և թվային տեխնոլոգաների, այդ թվում՝ արհեստական բանականության գնալով աճող դերակատարությունը անկայունության հավելյալ գործոններ են, որոնք էլ ավելի են դժվարացնում առաջիկա տարիների ընթացքում աշխարհաքաղաքական զարգացումները գնահատելու, կանխատեսելու և դրանց հիման վրա քաղաքականություն մշակելու հնարավորությունները:

Աշխարհակարգի փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության վրա: 1990–ական թվականների կեսերից տարածաշրջանում ձևավորված անվտանգային համակարգը բաղկացած էր երկու հիմնասյուներից: Դրանցից մեկը ԱՄՆ-ի աջակցությամբ ձևավորված Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա ռազմավարական գործընկերությունն էր՝ միտված ադրբեջանական նավթը և գազը Ռուսաստանը շրջանցելով միջազգային շուկաներ արտահանելուն, և արևմտյան ազդեցությունը տարածաշրջանում աստիճանաբար մեծացնելուն: Դրան հակակշիռ էր ծառայում Ռուսաստան–Հայաստան ռազմավարական դաշինքը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահ զորքերի տեղակայմամբ և Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի էական ներգրավմամբ: Իրանն ուղղակիորեն ներգրավված չէր այս երկու խմբավորումներում, սակայն փաստացի աջակցում էր Հայաստան–Ռուսաստան դաշինքին՝ տարածաշրջանում Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի ազդեցության աճը համարելով սպառնալիք իր կենսական շահերին:

Այս համակարգի երկրորդ փուլը սկսեց ձևավորվել 2010-ական թվականներից: Դա պայմանավորված էր ինչպես գլոբալ աշխարհակարգի կերպափոխմամբ, այնպես էլ տարածաշրջանային փոփոխություններով: Առաջին հերթին հարկ է նշել Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունը: Տարբեր տարածաշրջաններում զուտ ամերիկյան շահերն սպասարկող գործիքից Թուրքիան աստիճանաբար սկսեց վերածվել ինքնուրույն դերակատարի, որը պատրաստ էր անհրաժեշտության դեպքում հակադրվել ԱՄՆ-ին: Սրան զուգահեռ ընթանում էր Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների լարման գործընթացը, որն ավելի սուր բնույթ ստացավ 2014թ. ուկրաինական ճգնաժամից հետո: Ստեղծված պայմաններում սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների կերպափոխման գործընթացը զուտ մրցակցայինից դեպի մրցակցային–համագործակցային ձևաչափի: Այն իր առաջին գործնական կիրառումն ստացավ Սիրիայում՝ Ռուսաստան–Թուրքիա–Իրան տարածաշրջանային «Աստանայի ձևաչափի» գործարկմամբ: Ռուս–թուրքական և թուրք–ամերիկյան հարաբերությունների փոփոխությունը, ինչպես նաև Ռուսաստան–Արևմուտք գնալով սրվող հակամարտությունն սկսեց ազդել նաև Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության վրա: Նախկինում գործող համակարգը՝ Թուրքիա–Ադրբեջան–Վրաստանն ընդդեմ Ռուսաստան–Հայաստան տանդեմի, աստիճանաբար սկսեց կորցնել իր նշանակությունը:

Այս փոփոխությունների առաջին գործնական ազդեցությունը զգացվեց 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, երբ Ռուսաստանը չկանխեց Թուրքիայի ուղղակի ներգրավվումը ռազմական գործողություններին, իսկ պատերազմի ավարտից հետո համաձայնեց Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ստեղծմանը:

Տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության երրորդ փուլի մեկնարկը պայմանավորված էր 2022թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով: Ռուսաստանը օբյեկտիվորեն շատ ավելի քիչ ռեսուրսներ ունի տարածաշրջանային զարգացումների վրա ազդելու համար, միևնույն ժամանակ, էականորեն ավելացել է Ադրբեջանի և Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար: Ռուս-ուկրաինական պատերազմը նաև կտրուկ սրել է Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունները՝ հետխորհրդային ողջ տարածաշրջանը, այդ թվում՝ Հարավային Կովկասը, վերածելով Ռուսաստան–Արևմուտք, և առաջին հերթին Ռուսաստան–ԱՄՆ հակամարտության կիզակետի: Ռուսաստանը փորձում է հնարավորինս ապահովել իր ազդեցության պահպանումը տարածաշրջանում, մինչդեռ ԱՄՆ-ի հիմնական նպատակը տարածաշրջանում ռուսական ներկայության սահմանափակումն է: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ ԵՄ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, տարածաշրջանում իր գործունեությունը չի դիտարկում բացառապես Ռուսաստանի դիրքերի թուլացման տեսանկյունից, և առաջնահերթ է դիտարկում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատումը:

Ստեղծված պայմաններում Հայաստանը կանգնած է իր արտաքին քաղաքականությունը փոփոխելու անհրաժեշտության առջև: Այն, ինչ այս կամ չափով աշխատում էր վերջին երեք տասնամյակների ընթացքում, այլևս չի կարող կայուն արդյունավետ լինել: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումը և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնագաղթն էականորեն ավելացրել է Հայաստանի անվտանգային մարտահրավերները, որոնք հրատապ լուծումների կարիք ունեն: Ստեղծված պայմաներում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծման ուղիներից մեկը կարող է լինել արտաքին քաղաքականության հավելյալ դիվերսիֆիկացիան: Հարկ է նշել, որ անկախությունից ի վեր Հայաստանը փորձում էր որոշ չափով դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ: Լեռնային ՂարաբաղիՀանրապետության ոչնչացման և Հայաստանի անվտանգության համար աճող մարտահրավերների պայմաններում արտաքին քաղաքականության հավելյալ դիվերսիֆիկացիան էական նշանակություն է ստանում:

Հայաստանը կարիք ունի անվտանգային նոր գործընկերների, և այս համատեքստում Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է: Անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան կարող է ներառել նաև հարաբերությունների սերտացումն այնպիսի ավանդական գործընկերների հետ, ինպիսիք են Հունաստանը և Կիպրոսը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի գործարկումը, այդ թվում Հայաստան- Հնդկաստան–Ֆրանսիա -Հունաստան, Հայաստան-Իրան- Հնդկաստան ձևաչափերով: Դիվերսիֆիկացիայի համատեքստում էական նշանակություն ունի նաև արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, և Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ճիշտ քայլ է այդ ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան հակառուսական դիրքորոշման կամ քայլերի հետ չնույնականացնելու համար: Ռուսաստանը դեռևս զգալի ազդեցություն ունի տարածաշրջանում, և վերջինիս հետ թշնամական հարաբերությունների ձևավորումը որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստանի անվտանգության ամրապնդմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ չնայած վերջին տարիներին տարբեր տարածաշրջաններում նկատվող ռուս-թուրքական համագործակցությանը, Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը հակասում է ռուսական շահերին, և այս համատեքստում հայ-ռուսական շահերը կարող են համընկնել:

Հայաստանը պետք է նաև խուսափի Արևմուտք–Ռուսաստան և/կամ ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի հակամարտության նոր մարտադաշտ դառնալուց: Այն հավելյալ խնդիրներ կարող է առաջացնել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում, որոնք ամենայն հավանականությամբ կօգտագործվեն Ադրբեջանի կողմից տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման ռազմավարության համատեքստում: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հավելյալ ուշադրություն դարձնել Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին՝ պետք է դիտարկել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ներկայումս Հայաստանի արտահանման ավելի քան 40 տոկոսը գնում է ռուսական շուկա, Հայաստանը Ռուսաստանից ներկրում է էներգակիրների և հացահատիկի զգալի մասը: Հասկանալի է, որ ռուսական շուկայից կախվածության նման բարձր աստիճանը որոշակի խնդիրներ է ստեղծում: Միևնույն ժամանակ, տնտեսության դիվերսիֆիկացիան երկար ժամանակ պահանջող և բարդ գործընթաց է, և այստեղ ևս շտապողականությունը և քաղաքական մոտիվացիայից բխող քայլերը կարող են էական խնդիրներ առաջացնել տեղական բիզնեսի համար:

Առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի անվտանգային նոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը և միաժամանակ Ռուսաստանի հետ առկա կապերի պահպանումը: Հաշվի առնելով Ռուսաստան–Արևմուտք գնալով խորացող հակամարտությունը՝ սա բավականաչափ բարդ խնդիր է, սակայն ոչ անհնար: Հայաստանի երկու հարևանները՝ Վրաստանը և Ադրբեջանը, այս ուղղությամբ բավականաչափ հաջող քայլեր են ձեռնարկում, և նպատակահարմար է ուսումնասիրել նաև նրանց փորձը: Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի պետությունների համար, և այս համատեքստում կարևոր է այս ուղղությամբ նրանց կողմից իրականացված քաղաքականության ուսումնասիրումը:

Բենիամին Պողոսյան, ԱՊՐԻ Արմենիայի ավագ վերլուծաբան

Տեղադրություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում