ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ դա անվանելով երկու երկրների հարաբերություններում մեծ առաջընթաց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միշելը նաև ողջունել է պահվող անձանց ազատ արձակումը և երկու երկրներին կոչ արել շուտափույթ կերպով խաղաղության համաձայնագիր կնքել։
«Ողջունում ենք հատկապես պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը: Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ-ի գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է։ Ես այժմ խրախուսում եմ ղեկավարներին հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը», - գրել է Միշելը X սոցիալական հարթակում։
Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: