Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը կանադացի գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

2 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը կանադացի գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը, որը խորհրդանշում է երկկողմ համագործակցության խորացումը և կարող է նոր խթան հանդիսանալ դրա առավել զարգացման առումով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորացման առումով կարևորվել է նաև երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը:

Երկուստեք կարևորվել են Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Նախարարի տեղակալը իր զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը, ԼՂ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում