Հայկական PsyGuard ստարտափը՝ հոգեբաններին և այցելուներին միմյանց կապող արդիական հարթակ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական PsyGuard ստարտափը, որը հոգեբաններին հնարավորություն է տալիս աշխատել իրենց այցելուների հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից՝ օգտագործելով պարզ, հուսալի և անվտանգ գործիքակազմ, այցելուների համար էլ հոգեկան առողջության մասնագետների վստահելի բազա է, որտեղ նրանք հնարավորություն են ունենում փնտրել և գտնել իրենց կարիքներին համապատասխան մասնագետի։ Ստարտափը նպատակ ունի արդիականացնել առցանց հոգեբանական ծառայությունների գործիքակազմը, հոգեբանական ծառայությունները դարձնել հասանելի և ստեղծել ազատ մրցակցային միջավայր մասնագետների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրներ Արման Բեգոյանը և Անահիտ Նազարյանը նշեցին՝ հարթակը միաժամանակ և՛ այցելուներին, և՛ մասնագետներին ոլորտում մի շարք առավելություններ է առաջարկում:

«PsyGuard հարթակի օգտատեր հոգեկան առողջության մասնագետները կարող են ներկայանալ իրենց անձնական օգտահաշիվներով, ընդունել առցանց ամրագրումներ, իրականացնել սեսիաներ տեսազանգի, զանգի և հաղորդագրության միջոցով, ստանալ արագ և հեշտ վճարումներ։ Օգտատեր այցելուները կարող են մասնակցել առցանց սեսիաների՝ իրենց նախընտրած մասնագետի մոտ նախապես համաձայնեցված ժամին»,- ներկայացրեց Բեգոյանը:

Անահիտ Նազարյանի խոսքով՝ Հայաստանում շատ հաճախ մարդիկ ամաչում են նույնիսկ հարցուփորձ անել իրենց հարմար հոգեբանի գտնելու համար: Հարթակը, նրա համոզմամբ, մասնագետներին հասանելի է դարձնում:

«Այստեղ հնարավոր է գտնել մասնագետների օգտահաշիվները, ծանոթանալ նրանց, տեսնել նրանց սոցիալական էջերը, ընտրություն կատարել: Հարթակում հասանելի են նաև ֆիլտրեր, որով հնարավոր է արագ գտնել համապատասխան սեռի, մասնագիտացման, նախընտրած լեզուն կրող մասնագետների»,- ասաց Նազարյանը:

Հիմնադիրները նշեցին, որ հարթակում օգտահաշիվներ ստեղծելիս՝ մասնագետները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների։ Այս պահին ունեն ավելի քան 30 հաստատված մասնագետ, որոնք արդեն կարող են իրենց գործունեությամբ զբաղվել հարթակում:

«Մասնագետների գրանցման համար ունենք որոշակի պահանջներ՝ կրթություն, էթիկայի պահանջներ և այլն: Մասնագետը գրանցվելիս պետք է ներբեռնի այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում հոգեբան լինելու համար: Ուսումնասիրում ենք նաև տվյալ մասնագետի սոցիալական կայքերը. հակագիտական թեզերի և նմանատիպ նյութերի տարածումը նույնպես կարող է մերժելու հիմք դառնալ»,- մանրամասնեց Բեգոյանը:

Համահիմնադիրները նշեցին՝ օգտատեր այցելուների տվյալները հարթակում չեն պահպանվում: PsyGuard-ի կողմից պահպանվում են և ստուգվում (verification) են բացառապես այցելուի հեռախոսահամարը և բանկային տվյալները։ Հետագայում հնարավորություն կլինի նաև առանց դրանց ստուգման գրանցվել։ Այցելուները հնարավորություն են ունենում գրանցվել նաև կեղծանուններով: Չեն պահպանվում նաև վիդեո, աուդիո և տեքստային թերապիաների պատմությունները: Այցելուի անձնական տվյալները ընկերության կողից չեն տրամադրվում երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերը:

Հիմնադիրները տեղեկացրին, որ հարթակը մասնագետների համար ևս մի շարք առավելություններ ունի: Այն հնարավորություն է տալիս սկսնակ մասնագետներին փորձ կուտակել, գործունեություն ծավալել ցանկացած վայրից և, ի վերջո, մատուցել առցանց ծառայություններ մեկ հարթակում:

«Ստարտափի գաղափարը ծնվել է դեռևս 2015 թվականին: Ես դեռ 2008-ից գործունեություն եմ ծավալում, և հաճախ առցանց ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն է եղել: Տարբեր այցելուներ նախընտրում էին տարբեր հարթակներով կապի մեջ լինել, իսկ դա մասնագետի համար բարդ է։ Վճարումներ կատարելը մեկ այլ մեծ խնդիր էր: Այդպիսով՝ ստեղծվեց հարթակի գաղափարը»,- ներկայացրեց Բեգոյանը:

Բեգոյանը նշեց՝ հոգեբանական ծառայություններն ընդունված է իրականացնել դեմ առ դեմ հանդիպումներով՝ մասնագետի աշխատավայրում։ Սակայն դեռևս 2008-2009 թվականներից սկսած՝ կապի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մասնագետների կողմից սեսիաները սկսեցին իրականացվել առցանց աուդիո-վիդեո կապով՝ Skype, Viber, WhatsApp, Messenger ու այլ հավելվածների միջոցով և առավել արդիական դարձան COVID-19 համաճարակի պայմաններում։ Առաջին դրամաշնորհը ստացել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակներում: 2021-ին սկսել են ծրագրավորման աշխատանքները, իսկ ստարտափը շուկա է դուրս եկել 2023 թվականի օգոստոսին:

«Այս պահին հիմնական թիմում 4-ն են: Ներդրումներ ներգրավել պատրաստվում ենք հաջորդ տարի: Առաջիկայում հարթակն ուզում ենք հասանելի դարձնել նաև հավելվածի տեսքով Android և IOS համակարգերի համար: Պլաններ կան հարթակը հասանելի դարձնել նաև միջազգային շուկայում, ներդնել նաև AI համակարգ, որը կիրականացնի ախտորոշման խնդիրը՝ խնայելով մասնագետի ժամանակն ու այցելուի ֆինանսական ռեսուրսները»,- ասաց Նազարյանը:

Բեգոյանը նշեց՝ ընդհանուր առմամբ PsyGuard-ի ստեղծումը նպատակ ունի արդիականացնել առցանց հոգեբանական ծառայությունների գործիքակազմը, հոգեբանական ծառայությունները դարձնել հասանելի և ստեղծել ազատ մրցակցային միջավայր մասնագետների համար։

Նազարյանն էլ ընդգծեց՝ տեսլականն է ստեղծել հոգեբանական առողջության հետ կապված մշակույթ՝ ազատ լինելով ցանկացած տաբուներից ու կարծրատիպերից, ոլորտում ունենալ միջազգային նորմերին համապատասխան որակ:

Հարթակը անվճար հասանելի կլինի նաև հասարակական այն կազմակերպություններին, որոնք անվճար հոգեբանական ծառայություններ են տրամադրում խոցելի խմբերին՝ պատերազմից տուժած անձանց, երեխաներին, կանանց, հաշմանդամներին և այլոց։

Կարինե Տերտերյան

Հայերեն Español

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր