«Տեխնոլոգիական ցունամիի» դարաշրջանում պետք է առաջնորդենք փոփոխությունները, ոչ թե ուղղակի լինենք սպառող. Տաթևիկ Սիմոնյան
4 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում Հայաստանը պետք է առաջնորդի այդ փոփոխությունները, ոչ թե պարզապես լինի սպառող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվող Doing Digital Forum–ի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:
«Աշխարհի տարբեր երկրներից ժամանել են Հայաստան, որպեսզի լսեն վերջին տեխնոլոգիական նորությունները, հասկանան, թե ուր է գնում աշխարհը և ինչպիսին է լինելու ապագայի փողը կամ փողի ապագան և քննարկելու, թե ինչպես է այդ փոփոխությունների ցիկլն ազդում տնտեսության և տնտեսության վերափոխման վրա»,–ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց՝ փոփոխություններն առաջնորդելու համար պետք է տեղյակ լինել, թե ինչ է կատարվում աշխարհում: Սիմոնյանը տեխնոլոգիական փոփոխություններն առաջնորդելու համար Հայաստանում տեսնում է այդ ներուժը:
Ֆորումն այս տարի կրում է «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունները» խորագիրը: Թե ինչու է ֆորումի համար ընտրվել այս թեման՝ հիմնադիրը պարզաբանեց. «Որովհետև մեր երկիրն էլ այս կոնտեքստում բավականին հետաքրքիր գործընթացների մեջ է գտնվում: Ամենակարևորը կրիպտոռեգուլյացիան է: ԿԲ–ն ու համապատասխան մարմինները քննարկում են, թե ինչպես կարգավորել դաշտը, որ հստակ խաղի կանոններ լինեն»:
Նա կարևորեց, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որն այս առումով հետաքրքիր է բիզնեսին, տարբեր ներդրումային ընկերություններին:
Ֆորումն այս տարի համախմբել է շուրջ 20 խոսնակի Հայաստանից և արտերկրից։ Նրանց թվում են՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր, կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների և ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը և այլք։
«Շատ տարբեր է մասնակիցների ցանկը, բայց բոլորը հավաքվել են՝ քննարկելու, թե ինչ անենք որպես երկիր, որ այս «տեխնոլոգիական ցունամիի» դարաշրջանում առաջնորդենք այդ փոփոխությունները, ոչ թե ուղղակի լինենք դրա սպառողը»,–ընդգծեց Սիմոնյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ֆորումի ինֆորմացիան գործընկերն է:
2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ 2000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։
Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ֆորումի ինֆորմացիոն գործընկերն է: