Խաղաղության խորագրերի ներքո անցկացվեց «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 10-րդ հոբելյանական պլեները
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը նոյեմբերի 23-25 անցկացրեց «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 10-րդ հոբելյանական պլեները, որը կրում էր «Ո՛չ պատերազմներին» և «Նկարում ենք խաղաղություն» խորագրերը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումն իրականացվում է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ։

«Պլեների պարտադիր պայմանն է, որ մասնակիցները, որպես համերաշխության խորհրդանիշ, ծրագրի ավարտին միասին նկարեն մեկ մեծ կտավ։ Այդ կտավը նվիրաբերվում է ֆինանսավորողին՝ Շիրակի մարզպետի աշխատակազմին, և այս տարվա նկարի ողջ խորհուրդը խաղաղությունն է եղել։ Բացօթյա նկարչության օրերն այս անգամ քիչ են ստացվել (2 օր), դրա փոխարեն ունենք սթրիթ-արտ Ջաջուռում, վարպետաց դասեր, ինչպես և նախորդ պլեների ժամանակ, անմասն չենք մնա թատերական արվեստից. վերջում կնկարենք մեկ մեծ կտավ, կլինեն նոր ծանոթություններ»,-նշեց «Արդինի» կրթակամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախագահ Երանուհի Սողոյանը։
«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեներն անցկացվում է 2012 թվականից։
Արմենուհի Մխոյան