Քաղաքականություն

Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը

3 րոպեի ընթերցում

Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ի շարունակություն օգոստոսին՝ Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին, թե՛ տարածաշրջանային օրակարգին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դրական գնահատելով առկա արդյունքներն ու նախանշվող ծրագրերը:

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման ՀՀ տեսլականին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից նախանշվող հնարավորությունները տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների համար: Ընդգծվել է ՀՀ շահագրգռվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:

Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում