Քաղաքականություն

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու պատճառը կողմերի միջև անվստահությունն է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու պատճառը կողմերի միջև անվստահությունն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրում, երբ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են։

«Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են, ի՞նչն է խնդիրը, ինչի՞ համար առաջ չենք գնում, ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Մեծ հաշվով պատճառը անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք Ադրբեջանի, Ադրբեջանն էլ, հավանաբար, մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։

«Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար, պետք է շատ հստակ մեկնաբանություն ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»,- նշեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց՝ ինքը և կառավարությունը մտադիր են ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը, իսկ ընթացքի մասին կզեկուցվի հանրությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում