Քաղաքականություն

ՀՅԴ ներկայացուցիչները եվրոպական պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել են ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը

3 րոպեի ընթերցում

ՀՅԴ ներկայացուցիչները եվրոպական պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել են ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ նոյեմբերի 10-11-ը Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը, որը միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ՀՅ Դաշնակցությունը, իբրև դիտորդ անդամ, PES-ին անդամակցում է 2015 թվականից։ ՀՅԴ պատվիրակությունը ներկայացնում էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճյանը։

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որի շրջանակներում շուրջ երկու տասնյակի հասնող հանդիպում-քննարկումներ ունեցել՝ այդ թվում եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և Եվրոպական խորհրդարանի սոցիալիստ պատգամավորների հետ։

Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ստեղծված իրավիճակը, կարևորել են արցախահայության իրավունքների լիակատար պաշտպանության, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրավունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության, հակամարտության համապարփակ և արդար կարգավորման անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագա ռազմական սադրանքների կանխման, ինչպես նաև իրագործված ցեղասպան գործողությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու քաղաքական առաջնահերթությունները։

«ՀՅ Դաշնակցությունը, ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպես էլ կուսակցության միջազգային հարաբերությունների ողջ կարողականությամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շահերի պաշտպանության աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում