Հասարակական

ՄԻՊ-ը Կոպենհագենում ներկայացրել է բռնի տեղահանված անձանց խոշտանգումների բացահայտման հետ կապված հարցեր

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը Կոպենհագենում ներկայացրել է բռնի տեղահանված անձանց խոշտանգումների բացահայտման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 6-ից 8-ը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային համաժողովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Այս տարի այն անցկացվել է «Խոշտանգումներ և այլ վատ վերաբերմունք. մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» խորագրով: Համաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը։

Միջազգային համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և բացահայտել պետությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների գործառույթներն ու մարտահրավերները խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ռիսկերի և արմատական պատճառների դեմ պայքարում ու կանխարգելման գործում:

Քննարկվել են նշված հարցերում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի հետ կապված հարցեր։ Համաժողովի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակում՝ ընդգծելով մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում ուժերը համախմբելու կարևորությունը:

Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել որպես կանխարգելման ազգային մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի փորձը։ Անդրադարձ է կատարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված հարցերի առնչությամբ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի աշխատանքին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության մշակույթին։ Ընդգծվել է նաև խոցելի տարբեր խմբերի` վերոնշյալ երևույթներից պաշտպանված լինելու կարևորությունը։

Առանձին քննարկումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց պարագայում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման, հասցեավորման և իրավունքների երաշխավորման առանձնահատուկ մեխանիզմների հետ կապված հարցեր` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց բռնի տեղահանման վերջին զարգացումների համատեքստում նշված հարցի կարևորությունը։ Այդ համատեքստում շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:

Պաշտպանն ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում