Մշակույթ

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատել է եզրագիծը

3 րոպեի ընթերցում

Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատել է եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը, որը մեկնարկել էր դեռևս մայիսին, օրեր առաջ հատել է եզրագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բազմաբովանդակ և բազմաժանր փառատոնի 7 համերգի ընթացքում ներկայացվել է երեք տասնյակից ավելի պրեմիերա: Փառատոնին տեղի է ունեցել նաև նորաստեղծ «Նովա» երգչախմբի բեմելը, երիտասարդ տաղանդավոր մենակատարներին հնարավորություն է տրվել առաջին անգամ հանդես գալ մեծ բեմերում:

Փառատոնը մեկնարկել է հուշ համերգով՝ նվիրված Հարություն Դելլալյանին և Ռուբեն Սարգսյանին, երկրորդ համերգն էլ կազմակերպվել է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լ.Վ. Բեթհովենի անունը կրող համերգասրահում: Երեկոյին հանդես է եկել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Փառատոնի երրորդ համերգին ներկայացվել են յոթ կոմպոզիտորի կամերային-գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ, որով էլ եզրափակվել է նախագծի գարնանային համերգաշարը, իսկ աշնանային համերգաշարի շրջանակներում ներկայացվել է կոմպոզիտոր Սոֆա Ազնաուրյանի մոնոօպերան:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) հնչել են հայ հեղինակների կամերային-նվագախմբային ստեղծագործությունների կատարումները, իսկ կոմպոզիտորների միության համերգասրահում ներկայացվել է խմբերգային երաժշտություն:

Փառատոնի փակման համերգը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հնչել են Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները. բոլոր գործերն էլ Հայաստանի երաժշտասերներին են ներկայացվել առաջին անգամ: Որպես մենակատար հանդես են եկել Արմեն-Լևոն Մանասերյանը, Յանա Դարյանը (ալտ), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Լիլիթ Պետրոսյանը, Մարիամ Հովնանյանը (երկուսն էլ՝ քանոն), բեմում են եղել նաև Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգչախումբը:

Փառատոնն իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

VII ՓԱՌԱՏՈՆ.jpg (1.04 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում