Հասարակական

Այս նախագիծն աննախադեպ էր, այն անձնապես ինձ համար պատվի հարց էր․ Դավիթ Երեմյան

7 րոպեի ընթերցում

Այս նախագիծն աննախադեպ էր, այն անձնապես ինձ համար պատվի հարց էր․ Դավիթ Երեմյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2022 թվականի օգոստոսի 5-ին «Երեմյան Փրոջեքթսը» և Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ-ն) ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով «Երեմյան Փրոջեքթսը» Լոռու մարզի Տաշիր համայնքում մեկնարկեց Հայաստանում եզակի անասնապահական համալիրի կառուցումը։

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել համալիրի պաշտոնական բացումը: Ժամանակակից ֆերմայի, վերջինիս նպատակների և առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ։

IMG_0391.JPG (179 KB)

- Պարոն Երեմյան, գիտենք, որ 2019-ից սկսած «Երեմյան Փրոջեքթսը» իր ռեստորաններին ապահովում էր սեփական արտադրության կաթնամթերքով և մսամթերքով, իսկ 2020-ից սկսած այդ բարձր որակի կաթնամթերքը հասանելի էր նաև լայն սպառման շուկայում։ Ինչո՞ւ որոշեցիք այս մասշտաբներով ընդլայնել արտադրությունը։

- Ինչպես և նշել էինք ծրագիրը մեկնարկելուց առաջ՝ մեր նպատակն էր Հայաստանում հիմնել ֆերմերային տնտեսություն, որը նոր մակարդակի կհասցնի անասնապահությունը և կաթնարտադրությունը։ Նպատակներից մեկն ու ամենակարևորը նաև ՀՀ-ում պարենային անվտանգության ապահովումն է, քանի որ «Սերմից՝սեղան» ամբողջապես փակ ցիկլով գործելու մեր ռազմավարությունը թույլ է տալիս վերահսկել կաթնարտադրության յուրաքանչյուր փուլը, ինչը մեծապես նպաստում է պարենային անվտանգության ապահովման այսօրվա մարտահրավերների հաղթահարմանը։

Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում զարգացնել ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ՝ արտադրել որակով կաթ, մատակարարել որակով կաթ, և ձևավորել որակով կաթ խմելու նոր մշակույթ։ Դրա համար էլ մեր ընկերությունը Հայաստանում նախադեպը չունեցող ծավալի ներդրում կատարեց հենց այս ուղղությամբ։

Ցավոք սրտի՝ Հայաստանում այս մոդելով ֆերմերային տնտեսություններ չեն գործում, կամ շատ քիչ են գործում, և մենք ցանկանում ենք, որ սա լինի նոր խոսք ու նոր մշակույթ և լինի օրինակելի՝ ինչպիսին որ դարձավ Վայոց Ձորի մեր ֆերման։

ELO_5564.JPG (7.15 MB)

- Որքա՞ն ժամանակ են տևել շինարարական աշխատանքները, ի՞նչ ունենք այս պահին, և ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Եվ արդյոք ընթացքում խոչընդոտների եք հանդիպել: Եթե այո՝ ինչպիսի՞։

- Ըստ հուշագրի, նախագծի բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 43,5 միլիոն ԱՄՆ դոլար։

Շինարարական աշխատանքները տևել են 14 ամիս։ Նման ժամկետներում այսպիսի արդյունք ապահովելը, մեկ բառով ասած՝ ֆանտաստիկա է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ թիմին, որը, իրոք, արել է անհնարինը։ Թիմն էր այն շարժիչ ուժը, որն ինձ ստիպեց հավատալ մեր ուժերին, ոգեշնչեց ու համոզեց, որ մենք կարող ենք, մենք ի զորու ենք։ Եվ հենց նրանց ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ մենք այս արդյունքն ունենք։

Ես շնորհակալ եմ ներդրումային ծրագրի կողմերին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Եվրասիական զարգացման բանկին, HSBC բանկին՝ վստահության և աջակցության համար։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնց շնորհիվ այս մեգանախագիծն իրականություն դարձավ։

Նախագծի շրջանակում 32 հեկտարի վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Այս պահին ունենք արդեն տավարաբուծարան՝ 1500 գլուխ կենդանու համար, որոնք օրական 40-45 հազար լիտր կաթ են ապահովելու, և խոզաբուծարան 560-600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17000 գլուխ կենդանի են տալու։

IMG_0393.JPG (265 KB)

Փակ ցիկլի ապահովման և բարձրակարգ կաթի երաշխիքներից մեկը կերն է, դրա արտադրությունը։ Մենք համալիրի տարածքում ունենք սեփական հողատարածքներ, որտեղ ինքներս ենք ցանում սերմը, սեփական կերաղացում մշակում ենք այն և մատակարարում կենդանիներին։ Հաջորդ կարևոր փուլը կաթի ճիշտ վերամշակումն է, փաթեթավորումը և պատշաճ կերպով սպառողներին ներկայացնելը։ Այս բոլոր փուլերից հետո միայն ամբողջացվելու է մեր փակ ցիկլը։ Տվյալ փուլերից յուրաքանչյուրի ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական լինել, աշխատենք ճիշտ մոտեցումներով, որպեսզի ունենանք որակյալ արտադրանք։

Ինչ վերաբերում է խոչընդոտներին. թերևս, միակ խնդիրը մասնագետների բացն ու պակասն է եղել, իսկ դա էլ այն պատճառով, որ նախկինում Հայաստանում այս մասշտաբների ու այս պահանջներով ֆերմաներ չեն կառուցվել։ Ցավոք, մեր երկրում պրոֆեսիոնալ անասնապահությամբ մարդիկ չեն զբաղվել, և դրա արդյունքն էլ այն հետևանքներն են, որոնք նշեցի։ Բայց մենք մեր արտասահմանյան գործընկերների հետ կարողացել ենք լրացնել այդ բացը։ Նրանք այս բարդ ճանապարհին մեր կողքին են եղել, օգնել իրենց մասնագիտական հմտություններով, փորձով ու խորհուրդներով։

Առաջիկայում շարունակելու ենք աշխատել սպանդանոցի կառուցման վրա, որը մեզ ավելի շատ գարնանն է անհրաժեշտ լինելու, և գործարանի ուղղությամբ, որը մի քանի դետալների վերջնականացումից հետո պատրաստ կլինի շահագործման։

ELO_4943.JPG (5.54 MB)

- Պարոն Երեմյան, այս ընթացքում գործընկերներն այցելե՞լ են ֆերմա։ Ի՞նչ կարծիքներ են հայտնել։

- Պետք է անկեղծանամ՝ մեր գործընկերները ևս զարմացել էին այն արդյունքների ու աշխատանքի որակի վրա, որն ապահովում էր մեր թիմը։ Տեսնելով, թե որքան արագ են ընթանում աշխատանքները, և ինչ որակով է արվում ամենը։ Այս ընթացքում Տաշիրում 90 աշխատատեղ ենք բացել և ևս 200 աշխատատեղ Երևանի մեր գործարանում։ Բոլոր մասնագետները վերապատրաստվում են, «Զալեսյե» ագրոհոլդինգի մեր գործընկերները սիրով փոխանցում են իրենց գիտելիքները, կիսվում փորձով ու խորհուրդներով։

Այո, մենք շարունակում ենք մեր աշխատանքով զարմացնել շատերին, բայց մեր նպատակը դա չի եղել։ Մեր նպատակն օրինակ դառնալը, չափանիշ սահմանելն ու որակ ապահովելն է եղել։ Մենք Հայաստանի ֆերմերային տնտեսության մեջ նոր մոտեցումներ ենք ներդնում, աշխատանքային գործընթացում և բառապաշարից դուրս ենք մղել բառեր ու եզրույթներ, որոնք այլևս գոյություն չունեն: ։ Մեր համալիրում չկան ո՛չ կթվորուհիներ, ոչ գոմապահներ, այստեղ աշխատանքն ավելի շատ մասնագիտական գիտելիք ու հմտություն է պահանջում։ Մեր կթի օպերատորները, կենդանիների խնամքի պատասխանատուներն այսօր բարդ և շատ գնահատելի աշխատանք են կատարում, որն իրենցից պահանջում է ամբողջովին փոփոխել մոտեցումները, վերապատրաստվել, սովորել նորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում