ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի պետական բյուջեով շուրջ 120 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել Հայաստանի ճանապարհային ցանցերի բարելավմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական միջոցների հիմնական մասը՝ 103,8 միլիարդ դրամը հատկացվելու է կապիտալ ծախսերի համար։
«Մասնավորապես, խոշոր հատկացումներ ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի մասով, 2024 թվականի համար նախատեսված է 42,5 միլիարդ դրամ։ Հիմա շինարարության փուլում է գտնվում Լանջիկ-Գյումրի հատվածը, որտեղ աշխատանքների մեծ մասը այս տարի կավարտվի, կմնան ճանապարհի կահավորման հետ կապված աշխատանքները։
Աշտարակ-Թալին երկու ճանապարհատվածներից մեկը շինարարության փուլում է, մյուսի մասով վերջերս պայմանագիր կնքեցինք և առաջիկայում կմտնի շինարարության փուլ։
Այդ երկու ճանապարհատվածների համար 2024 թվականի բյուջեով գումարներ են նախատեսվում հատկացնել։
Շինարարության փուլ կմտնի նաև Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածը։ Մյուս տարածքների ուսումնասիրությունների, կամ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար նույնպես որոշակի գումարներ են նախատեսված։ Մասնավորապես, Գյումրու շրջանցիկ ճանապարհի, Քաջարանի թունելի և Սիսիան-Քաջարան հատվածի համար»,- ասաց Սանոսյանը։