Քաղաքականություն

Սպառնալիքների կառավարման համար ՀՀ-ին հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Սպառնալիքների կառավարման համար ՀՀ-ին հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ միջազգային լարված իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց հավելում, որ այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը։ Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։ Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։

Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևոր համարեց ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար Հայաստանին հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն է ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը։

«Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ։

Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական հանրային քննարկումը ազգային անվտանգության օրակարգ է»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում