UCOM-Ի աջակցությամբ կայացավ միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են «Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացած Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14 երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, կայացել է հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28 -ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են, մյուսները Հայաստան են ժամանել ԱՄԷ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Իրանից, Հորդանանից, Չիլիից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից և Վիետնամից:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները»,-ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրենՀովիկ Մուսայելյանը։

«Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ առանց միկրոէլեկտրոնիկայի հիմա հնարավոր չէ։ Ես ինքս 18 տարի է այս միջոցառման կողքին եմ եղել, կամ ու կլինեմ, որովհետև հավատում եմ՝ ապագան անբաժանելի է միկրոէլեկտրոնիկայից, պետք է ամեն ինչ անել այս ուղղությունը խրախուսելու համար, հատկապես հայ երիտասարդների և ուսանողների շրջանում։ Ես նույնիսկ որդուս եմ քաջալերել, որ ուսանի միկրոէլեկտրոնիկա, որովհետև դա է ապագան, տեխնոլոգիական հիմքն ու կորիզը, երբ խոսում ենք արհեստական բանականության և խելացի լուծումների մասին»,-նշել է միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի գլխավոր աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ օլիմպիադայի առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիչը Բոսնիա և Հերցեգովինայից, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեֆանովիչը Սերբիայից, երրորդ մրցանակին արժանացել են Ազրա Ելեզովիչը Բոսնիա և Հերցեգովինայից և Էդգար Պապյանը Հայաստանից։

Օլիմպիադայում ընդգրկված էին հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում